«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2001-09-22 | #172, 2001-09-25 | #173, 2001-09-26


ԱԿԱՆՆԵՐԸՙ ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ ՀՈՒՇԵՐ

Համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի տվյալների, արցախյան պատերազմի ընթացքում հակամարտող կողմերը ԼՂՀ տարածքում տեղադրել են 50.000 միավոր հակատանկային ու հակահետեւակային ականներ: Դեռեւս հրադադարից հետո դրանք վնասազերծելու մեծ աշխատանքներ են կատարել ինչպես ԼՂՀ ՊԲ համապատասխան ստորաբաժանումները, այնպես էլ ականների հիմնախնդրով զբաղվող միջազգային կազմակերպությունները: Իսկ 1998 թվականին կառավարությանը կից ստեղծվել է հանձնաժողով, որը կոչված է համակարգելու տեղական եւ արտերկրի մարդասիրական կառույցների գործունեությունը: Դրանցից են, մասնավորապես, Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը, բրիտանական «The Heep Trust» կազմակերպության ղարաբաղյան մասնաճյուղը, Հայ ավետարանչական ընկերակցության Ստեփանակերտի ներկայացուցչությունը: Համատեղ աշխատանքները տալիս են իրենց դրական արդյունքները: Միայն անցյալ տարի ԼՂՀ տարածքում վնասազերծվել է 9800 միավոր ռազմամթերք, որի գերակշիռ մասը հակահետեւակային ու հակատանկային ականներն են: Վերոհիշյալ հանձնաժողովի նախագահ Մելս Հակոբջանյանի հավաստմամբ, ականները հիմնականում տեղադրված էին Մարտունու, Մարդակերտի եւ Շուշիի շրջանների մշակովի հողատարածքներում:

Օրերս ականների հիմնախնդրով զբաղվող ԼՂՀ կառավարական հանձնաժողովը հանրապետության տարածքում անցկացրել է ռազմալիցքերի վնասազերծման վերաբերյալ սոցիոլոգիական հարցումներ: Ըստ այդ հարցումների, բնակչությունը պատրաստակամ է լայնորեն աջակցելու շահագրգիռ կազմակերպություններինՙ ականների ու պայթուցիկ սարքերի հայտնաբերման, դրանց վայրերի քարտեզագրման հարցում: Բնակչությունից ստացվել են բազմաթիվ առաջարկություններ, որոնք, Մելս Հակոբջանյանի խոսքերով, կարելի է գործնականում կիրառել:

Հասարակական այս ակտիվությունը վկայում է, որ պատերազմի ծանր հիշողությունների վերացումը դարձյալ մնում է կարեւոր խնդիր: Իսկ դա, անշուշտ, պիտի լուծել համատեղ ջանքերով, քանզի այդ հուշ-ականները միշտ էլ պայթյունավտանգ են:

ԵՂԻՇԵ ԱՐՇԱԿՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4