ՍՏԱՄԲՈՒԼ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 25-ին Ստամբուլում կրկին հանդիպել են այսպես կոչված հայ-թուրքական հաշտեցման կոմիտեի անդամները, որոնք չեն ներկայացնում 2 երկրների կառավարությունները: Ըստ Կոմիտեի թուրք անդամներիցՙ Թուրքիայի նախկին արտգործնախարար Թուրքմենի, «հաշտեցումը հեշտ գործընթաց չէ, արագ գործընթաց չէ, սակայն կատարված առաջին քայլն է»:
Ամերիկայի Հայկական համագումարի նախագահ, հայ-թուրքական հաշտեցման կոմիտեի հիմնադիր անդամներից Վան Գրիգորյանն իր հերթին նշել է. «Որքան ավելանում են շփումները, այնքան ավելի հեշտանում է մեզ իրարից բաժանող հարցերի լուծումը»:
Ըստ «Ասոշիեյթեդ պրեսի», Հայոց ցեղասպանության հարցն այնքան զգայուն խնդիր է դարձել Թուրքիայում, որ վերջերս այստեղ դատի առաջ կանգնեց ասորի մի հոգեւորականՙ մեղադրվելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու միջազգային կոչերին միանալու մեջ: