Մայրաքաղաքից բավականաչափ հեռու գտնվող Գորիսը տոնական օրեր նշելու իր ուրույն ձեռագիրն ունի, ժողովուրդն էլՙ իր վերաբերմունքըՙ «իր յուղով տապակվելու» լեռնցու արժանապատիվ ... մենակությունը: Գրպանները խոթած ձեռքերով ուսերը աղեղած, խոնավ, շեղ սանրվածքներով ջահելներն իրենց թույլ չեն տալիս երեխայավարի ուրախանալ, ընդամենը տնտղում են «իրենց չնկատող» աղջիկներին, միջահասակ, տոները չոլերում, տղերքով... անկախ նշած տղամարդիկ բավարարվում են լավ օրերի հիշողությամբ, հոգոցներով վերապրելով, չաշխատող կանայք դժվարանում են միանգամից մի «ձեռք» հագ ու կապ իրար անել դուրս գալու համար, էհ, հավես էլ չկա, շահում են միայն պստլիկներից ոմանք. հաց գնելու հիմնախնդրով դեռ չախտահարված ծնողները գույնզգույն փուչիկներով հաճելիորեն շշմեցնում են նրանց:
Որքան էլ ուզում ես տոնական օրվան նվիրված ինֆորմացիադ գոնե փոքրիկ պաթոսով ավշավորել, չի ստացվում, չնայած Գորիսում էլ շքերթ եղավ, Գորիսի կենտրոնական հրապարակում էլ ժողովուրդ հավաքվեց, բարձրախոսները ավետեցին օրվա ոչ սովորական լինելու մասին, «հրապարակ են մտնում...» հայտարարությանը համահունչ, իրոք, հրապարակ մտան ուսումնական հաստատությունների, հիմնականում դպրոցների մանկավարժական ու աշակերտական կոլեկտիվները: Շնորհավորական ուղերձով, դիմակայելու հորդորով ու հայրենի հողին ամուր կանգնելու պատգամով ելույթ ունեցավ Գորիսի քաղաքապետ Ն. Ոսկանյանը:
Քաղաքում դեռ երկար, մինչ ուշ երեկո բարձրախոսում էր... երաժշտությունը: Չնայած միալար տեղացող անձրեւը դադարել էր, բայց փողոցներն ու բոլոր զբոսանքները պարագծող զբոսայգին արագ դատարկվեց: Այդ օրը վերելք էր ապրել միայն արեւածաղկի առեւտուրը, իսկ ձմերուկի կույտերի մոտ ննջող վաճառողին երաժշտությունը... ճոճք էր թվում:
ԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գորիս