«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2001-09-22 | #172, 2001-09-25 | #173, 2001-09-26


ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՆԻՐՆԵՐՆ ՈՒ ԳԻՆԻՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Ինչպես տեղեկացանք ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA) մարկետինգի աջակցության ծրագրի գրասենյակից, օգոստոս-սեպտեմբերին Մոսկվայում տեղի է ունեցել հայկական պանրի ու գինիների ցուցադրություն-համտես-վաճառք:

Առեւտրային ծավալներով հայկական պանրի առաջին վաճառքը կատարեց Լոռու մարզի «Վիլիջ գրուպ» պանրագործարանը (17 տոննա «Հոլանդական» տեսակի): Այս ընկերության «Լոռի», Աշոցքի պանրագործարանի «Էմենտալ», Եղեգնաձորի «Այծի» եւ այլ ընկերությունների պանիրները ցուցադրվեցին Մոսկվայի բազմաթիվ սուպերմարկետներում, եւ պարզվեց, որ դրանք պահանջարկ կունենան այս շուկայում: Այսինքն առկա է հայկական պանիրների արտահանման էական ընդլայնման հնարավորություն:

USDA-ի աջակցությամբ գործող գինեգործարանների արտադրանքը (45 հազ. շիշ) նույնպես ցուցադրվեց Մոսկվայում ՙ 12 խոշոր սուպերմարկետներում առանձնանցված հատուկ տաղավարներումՙ «Հայկական գինիներ» վերտառությամբ: Համտեսն ուղեկցվում էր հայկական գինիների վերաբերյալ տեսաժապավենի անընդհատ ցուցադրմամբ, իսկ մինչ այդ մամլո հաղորդագրություններ էին տրամադրվել ռուսական հեղինակավոր թերթերին եւ ամսագրերին: Այստեղ ներկայացված էին հայկական գինիները, գինեգործության պատմությունն ու ավանդույթները, Հայաստանում աճող խաղողի տեսակները, USDA-ի ցուցաբերած օգնությունն այս ոլորտում: Հայկական գինիները ներկայացվեցին նաեւ Մոսկվայի «Էրմիտաժ» այգում տեղի ունեցած գինու փառատոնին: Ինչպես այս փառատոնի, այնպես էլ մյուս ցուցահանդես-համտեսները ցույց տվեցին, որ մոսկովյան շուկայում իրական է հայկական գինիների արտահանման ծավալների ավելացումը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4