Ինչ շուկայական օրենքներ էլ որ վկայակոչվեն, հոգով դժվար է ընդունելի համարել ժամանակին այնպիսի ռազմավարական ոլորտի վաճառքը օտարերկրացիներին, ինչպիսին կապն է կամ հեռահաղորդակցությունը: Եթե այս մասին խոսելու ժամանակն անցել է, ապա Արմենտելի մենաշնորհային վիճակի պտուղները քաղել ու ակներեւաբար դեռ քաղելու ենք: Եվ րոպեավճարի խնդրի հետ կապված պատմությունն այդ շղթայում ընդամենը մի դրվագ է:
Քաղաքակիրթ աշխարհում կա ծառայությունների եւ սպասարկման ոլորտի մի չգրված կանոն, որ հաճախորդը, վճարողը միշտ ճիշտ է: Ավելին, ծառայություն մատուցողի, սպասարկողի բարեկեցությունը սովորաբար կախված է ծառայության, սպասարկման մակարդակից ու որակից: «Արմենտելի» պարագայում վճարողը, դիցուքՙ հեռախոսային բաժանորդը, միշտ սպասարկող ձեռնարկության ձեռքում է, եւ վերջինս նրա հետ ինչպես ուզենա կվարվի: Մյուս կողմը հակազդեցության որեւէ լծակ չունի: Սրանից մոտ 3 տարի առաջ մի օր փորձել էինք հարեւանի տնից հեռախոսով (կոդով) կապվել ՌԴ Կրասնոդարի երկրամասում գտնվող եղբորս ընտանիքի հետՙ հիվանդից լուր ստանալու: Մեր բազմաթիվ փորձերն այդպես էլ չէին հաջողել, եւ ոչ մի բառ խոսակցություն չէր կայացել, որովհետեւ, ինչպես հետո պարզվեց, մեր զանգած համարի հեռախոսն այդ օրերին չէր աշխատել: Բայց Արմենտելի երեւանյան համակարգիչը, ըստ հաջորդ ամսին ստացված տեղեկանքի, ընդհանուր հաշվարկով 3000 դրամից ավելի գումարի խոսակցություն էր գրանցել: Եվ այդ թվումՙ նաեւ 5, 7 անգամ 9 րոպեանոց խոսակցություններ: Հեռախոսատեր հարեւանի եւ մեր բոլոր պնդումներն ու բողոքները, թե ոչ մի խոսակցություն էլ չի եղել, զուր անցան: Ասացինՙ խոսել եք, եւ վերջ: Ճիշտ է, մարզային ձեռնարկության տնօրենը հեռախոսով մեկին իբր հանձնարարեց հարցը նայել, բայց անմիջապես էլ ավելացրեց, թեՙ չէ, ուղղակի չեն ուզում վճարել: Իրենք օրը ցերեկով իմ գրպանն էին մտել եւ դեռ ինձ էլ ստախոս էին հանում... Ի վերջո ստիպված էինք վճարել: Ի՞նչ անեիր, մարդու հեռախոսը կանջատեին:
Իսկ օրական այս եւ նման կարգի որքա՞ն մասնավոր դեպքեր կարող են լինել, որոնցից անհատ քաղաքացին, բաժանորդը գործնականում պաշտպանված չէ: Նրա պաշտպանվածությունն ապահովելը պետության խնդիրն է: Եթե քաղաքացուն այլընտրանքի հնարավորություն չի տրված, առայժմ գոնե պետք է գտնվեն այնպիսի մեխանիզմներ, որոնք բացառեն նման դեպքերի բուն հնարավորությունը: Եթե սա չլինի, մնացած ամեն ինչը դատարկ խոսակցություն է:
Ինչ վերաբերում է սեպտեմբերի 11-ի հայտնի ահաբեկչությունից հետո այս օրերին Հայաստանի քաղաքացիների 3 րոպե անվճար ԱՄՆ զանգելու ընձեռած հնարավորությանը, դա Արմենտելի կողմից բարի կամքի ողջունելի արտահայտություն է, որի համար շնորհակալություն:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի