Նորաստեղծ ԺԴԿ-ն իշխանության հենակն է դարձել
1999-ի հոկտեմբերի 27-ից հետո, երբ հարց առաջացավ, թե «Միասնություն» դաշինքն առանց երկու հիմնադիրներիՙ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի կարո՞ղ է գոյատեւել, դաշինքում գրեթե բոլորը համոզված էին, որ «Միասնությունը» պառակտվել չի կարող, քանի որ քաղաքական դաշտը կայացնելու առաքելություն ունի եւ միաբանված է արդեն զոհվածների արյամբ: Սակայն ընդամենը երկու տարի էր պետք, որպեսզի «Միասնությունը» դարձյալ վերադառնար այն վիճակին, որից ստեղծվել էր, այսինքնՙ առանձին քաղաքական միավորների:
Այսօրվա «Միասնություն» դաշինքը ներկայանում է ՀՀԿ, «Հանրապետություն» եւ ՀԺԿ, նորաստեղծ ԺԴԿ ուժերից, որոնք բացահայտ հակակրանք տածելով միմյանց նկատմամբՙ ստեղծել են երկու «Միասնություն»-իկներՙ ի դեմս ՀՀԿ-ԺԴԿ-ի, «Հանրապետություն»-ՀԺԿ-ի: Երկու ճամբարներն էլ, չնայած հակասություններին, պնդում են, թե Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի առաջ քաշած գաղափարների ու ծրագրերի իրական կրողներն իրենք են:
Նորաստեղծ ժողովրդադեմոկրատական կուսակցությունը, սակայն, այդ առումով որոշակի զգուշավորություն է պահպանումՙ թերեւս հասկանալով, որ լիդերների միֆը քաղաքական պայքարի դրոշակ դարձնելն այլեւս հեռանկար չունի: Այսուհանդերձ, կուսակցությունը հռչակեց իր պետականամետ լինելը, որը միանշանակորեն ընդունվեց որպես իշխանամետություն: Եվ չնայած կուսակցության ստեղծման արդյունքում տանուլ տվեց ՀԺԿ-նՙ վերջնականապես կորցնելով իշխանական լծակները, Հանրապետական կուսակցությունն իսկական հաղթանակ տոնեցՙ նախ մշտապես իրեն փաստի առաջ կանգնեցնող ՀԺԿ-ին հեռացրեց «Միասնության» շրջանակներից եւ զուգահեռ կարողացավ պահպանել դաշինքի միֆըՙ հասարակությանը ցույց տալով, որ առկա է ՀԺԿ-ի կոնստրուկտիվ, կառուցողական այն հատվածը, որի հետ կարելի է աշխատել որպես «Միասնություն» եւ որպես քաղաքական մեծամասնություն: Ամեն դեպքում ՀՀԿ-ն պահպանեց իր որոշիչ դիրքերը քաղաքական դաշտումՙ օգտագործելով ՀԺԿ-ում սկսված խմորումները: Ավելինՙ հենց ՀՀԿ-ն կարող էր ամենաշահագրգիռ կողմը լինել նոր կուսակցության ստեղծման համար եւ հենց ինքն էլ որոշակիորեն ազդեր դրա շուտափույթ կայացմանը: Հանգամանք, որ աչք է ծակում հենց առաջին հայացքից. ընդամենը երկու ամիս առաջ ՀԺԿ 9 անդամներ կուսակցությունից դուրս գալու հայտարարություն արինՙ միաժամանակ դուրս չգալով ԱԺ «Միասնություն» խմբակցությունից: Դրան անմիջապես հաջորդեցին ՀՀԿ-ականների հայտարարությունները, թե դաշինքն այլեւս գոյություն չունի եւ հիմաՙ նոր կուսակցությունը, որը հասարակության մեջ ըստ էության արմատներ չունենալով, այնուամենայնիվ ե՚ւ օրենսդիր, ե՚ւ գործադիր իշխանություններում լուրջ լծակներ ունի: Ավելի կոնկրետՙ կուսակցությունը ստեղծվեց հենց իշխանության շրջանակներում, նշված լծակների կողմից:
ԺԴԿ-ի ստեղծումը, սակայն, քաղաքական դաշտում էական տեղաշարժեր չառաջացրեց եւ, ըստ ամենայնի, առաջիկայում չի առաջացնի մի քանի պատճառով: Նախ սերված լինելով ՀԺԿ-ից եւ հասարակության մեջ հենարաններ չունենալովՙ նա լայն զանգվածների չի կարող տանել իր հետեւից: Մյուս կողմիցՙ կուսակցությունն ըստ էության միտված էլ չէ հասարակական-քաղաքական կյանքում փոփոխություններ առաջարկելու, թեկուզ կառուցողականՙ, իր առավելությունը տեսնելով միայն իշխանական լծակները պահպանելու միջոցով ՀՀԿ-իՙ իշխող քաղաքական ուժի հենարանը լինելու մեջ, հատկապես օրենսդրական ոլորտում, որտեղ ՀՀԿ-ն նման ուժի կարիք զգում է արդեն մի ամբողջ տարուց ավելի:
ՀԺԿ հիմնադիրներից մեկըՙ քաղաքագետների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը, որը վաղուց դուրս էր եկել կուսակցությունից, ՀԺԿ-ԺԴԿ հարաբերությունն առավել մռայլ գույներով է տեսնում. «Մենք տեսնում ենք, թե ինչպես երկու կողմերն էլ փորձում են մտնել անհասկանալի մրցակցության մեջ: Անհասկանալի, քանի որ երկուսն էլ հեռանկար չունեն: Այստեղ ոչ մի առաջխաղացում չեմ տեսնում: ՀԺԿ-ն, որը ստեղծվել էր ժողովրդի պահանջով, տարրալուծվելով «Միասնություն» դաշինքի մեջՙ կործանվեց: Հիմա նրա մի մասը միացել է դաշինքի իշխող ուժի մի մասին, մյուսըՙ մինչ այդ «Միասնության» մասը կազմած «Հանրապետությանը»: Եվ քանի որ ՀԺԿ-ն ի սկզբանե այդ ուժի կցորդն էրՙ նրա բաժանման հետեւանքով ինքն էլ երկու մասի բաժանվեց եւ դրանով իսկ ապացուցեց, որ իսկապես կցորդ է»:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ