«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2001-09-22 | #172, 2001-09-25 | #173, 2001-09-26


«ՀՐԱԶԴԱՆԸ» ՆՈՐ ՇՈՒՔ ՈՒ ՀԱՆԴԵՐՁԱՆՔ Է ՍՏԱՑԵԼ

Հանրապետության գլխավոր մարզակառույցըՙ «Հրազդան» կենտրոնական մարզադաշտն այս տարի նշում է շահագործման հանձնման 30-ամյակը: 30 տարի առաջՙ 1971 թ. մայիսի 19-ին Հրազդանի գեղատեսիլ կիրճում գտնվող ճարտարապետական այդ հոյակապ կառույցն իր հյուրընկալ դռները բացեց մարզասերների առջեւ: Այդ օրը Երեւանի «Արարատը» ֆուտբոլի ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրում հյուրընկալել էր Ալմաթիի «Կայրաթին»: Մեր ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին մարզադաշտի բացումը հաղթանակով նշելու համար: Լեփ-լեցուն տրիբունաներն անհամբերությամբ էին սպասում նոր մարզադաշտում գրանցված առաջին գոլին: Եվ ահա խաղի 58-րդ րոպեին Ալեքսանդր Կովալենկոն տուգանային հարվածով գնդակն ուղարկում է «Կայրաթի» դարպասըՙ հետագայում իր անունը հավերժացնելով մարզադաշտի մուտքի մոտ փակցված հուշասալիկում:

Այո, անցած 30 տարիներին «Հրազդանը» հիշարժան շատ պահերի է ականատես եղել: Այստեղ է 1971 թ. իր 100-րդ գոլը խփել Էդուարդ Մարգարովը, այս մարզադաշտում են 1973 թ. մեծարել երկրի չեմպիոն ու գավաթակիր Երեւանի «Արարատին», իսկ երկու տարի անց «Հրազդանում» «Արարատը» հաղթեց հզոր «Բավարիային»: Հայաստանում անկախության հռչակումից հետո «Հրազդանը» եղել է մեր հավաքական թիմերի գլխավոր մրցաբեմը, այստեղ են եվրոպական գավաթների մրցաշարերի հանդիպումներն անցկացրել հայաստանյան թիմերը:

Ժամանակները փոխվում են, մարզադաշտերին ներկայացվող պահանջներն էլ հետը: Ինչպես հայտնի է, ՖԻՖԱ-ի որոշմամբ սկսած 1998 թ. մրցաշրջանից արգելվում է միջազգային հանդիպումների անցկացումն այն մարզադաշտերում, որոնք չունեն թիկնակներով առանձին նստատեղեր: Եվ «Հրազդան» մարզադաշտը կանգնեց կապիտալ վերանորոգման: «Հրազդան» մարզահամալիր փակ բաժնետիրական վարձակալական ընկերության խորհրդի նախագահ Աշոտ Աղաբաբյանի անմիջական ղեկավարությամբ ու նախաձեռնությամբ, սեփական միջոցներով երկու տարի առաջ սկսվեցին շինարարական աշխատանքները, որոնք արդեն մոտենում են ավարտին: Կարճ ժամանակամիջոցում հիմնովին վերակառուցվել են տրիբունաները (բացառությամբ յարուսի), ավարտվել են ջրամեկուսացման աշխատանքները, եւ արդեն սկսվել է թիկնակներով նստարանների տեղադրումը: «Հրազդանն» օր-օրի կառուցվում, նոր տեսք ու շուք է ստանում: Կիրակի օրը «Հրազդան» մարզադաշտում «Միկա»-«Կոտայք» հանդիպմանը ներկա գտնված հանդիսականներն առաջինը վայելեցին առանձին նստատեղերով խաղը դիտելու հաճույքը: Արեւմտյան տրիբունայի մեկ սեկցիայում արդեն տեղադրվել են նստարանները: Խաղադաշտից դիտելիս բավական գեղեցիկ տեսարանի ես ականատես լինում. ներքեւի կարգերում տեղադրված են դեղին գույնի նստարաններ, որոնց այնուհետեւ փոխարինում են նարնջագույն նստարանները, իսկ վերին կարգերում աչք են շոյում կարմիր գույնի նստարանները: Այս օրերին լայն թափով ընթանում է նստարանների տեղադրումը: Մինչեւ հոկտեմբերի կեսերը կտեղադրվեն 30 հազար նստարաններ (բացառությամբ հարավային տրիբունայի մի մասի եւ յարուսի): Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է հաջորդ տարվա գարնանը, որի արդյունքում «Հրազդանը» կունենա 60 հազար նստատեղ: Ի դեպ, դա ավելին է, քան հանրապետության բոլոր մարզադաշտերը միասին վերցրած: Դրա շնորհիվ «Հրազդանը» լիովին կհամապատասխանի ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի կողմից ներկայացվող բոլոր չափանիշներին եւ, համոզված ենք, կրկին ամենաբարձր մակարդակի միջազգային հանդիպումների գլխավոր մրցասպարեզը կհանդիսանա: Իսկ վերակառուցված «Հրազդանի» հյուրընկալ դռները հանդիսականների համար կրկին կբացվեն արդեն այս տարվա հոկտեմբերի կեսերին, երբ բարի ավանդույթի համաձայն այստեղ կանցկացվի հերթական «Ոսկե աշունը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4