«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2001-09-26 | #174, 2001-09-27 | #175, 2001-09-28


ՀԱՅԱՍՏԱՆՆ ՕԴԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐԻՆ

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ԱՊՀ հակաօդային պաշտպանության անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքն է որոշելու Աֆղանստանում սպասվող գործողություններին իր մասնակցության ձեւն ու չափը, որից անմիջապես հետո իրենց երկրների օդային տարածքները եւ օդակայաններն ԱՄՆ զինված ուժերին տրամադրելու մասին հայտարարեցին Ուզբեկստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը: Վերջինս համաձայնեց օդային սահմանները բացել միայն հումանիտար նպատակներով: Վրաստանը եւ Ադրբեջանը եւս համանման պատրաստակամություն հայտնեցին, իսկ Հայաստանի դիրքորոշումը դեռեւս անհայտ էր, քանի որ նախագահը որեւէ հայտարարություն չէր արել:

Չորեքշաբթի օրը վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարեց, թե ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանում հակաահաբեկչական գործողությունների իրականացման նպատակով Հայաստանի օդային տարածքներն օգտագործելու մասին պաշտոնական որեւէ դիմում չի ստացվել: Երեկ, փոքր-ինչ ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանին նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, թե ԱՄՆ կառավարությունից նման դիմում այնուամենայնիվ ստացվել է, եւ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել հակաահաբեկչական միջոցառումների նպատակով իր օդային սահմանները տրամադրել Միացյալ Նահանգներին: ՀՀ սահմանադրության համաձայն երկրի արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարման մենաշնորհը պատկանում է հանրապետության նախագահին, այսինքն վերջինս կարող էր միայնակ օդային սահմանները բացելու որոշում կայացնել:

Այսուհանդերձ, թե որքանով է օդային տարածքների տրամադրումը տեղավորվում երկրի անվտանգության ու շահերի համատեքստում, փորձում են ճշտել քաղաքական շրջանակները: Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը համոզված է, որ ցանկացած լայնամասշտաբ գործողություն պետք է ընթանա ՄԱԿ-ի անմիջական վերահսկողության ներքո, որպեսզի ծառայի իր ուղիղ նպատակինՙ առանց մյուս երկրների անվտանգությանը հարվածելու: Սակայն Հայաստանի օդային սահմանների բացումը որեւէ կերպ չի կարող վտանգել երկրի շահերը, քանի որ Հայաստանն այդ քայլով ոչ թե անմիջականորեն է գործողությունների մասնակից դառնում, այլ ընդամենն օժանդակության կարգով: Ըստ Հովհաննիսյանի, դա շատ ավելի դիվանագիտական ժեստ է, քանի որ ԱՄՆ-ը փոքր Հայաստանի օդային տարածքներն օգտագործելու առանձնապես լուրջ շահագրգռություն չունի: Եվ ըստ մեկնաբանի, նման աջակցությունը զուտ քաղաքական ու բարոյական նշանակություն ունի:

Կոմկուսը սակայն այս տեսակետին համաձայն չէ: Գագիկ Թադեւոսյանի հավաստմամբ նախքան նման քայլ ձեռնարկելն անհրաժեշտ է լրջորեն քննարկելՙ բխո՞ւմ է դա մեր տարածաշրջանային շահերից, եթե նկատի առնենք ԱՄՆ-իՙ մեր անմիջական հարեւաններից Իրանին եւ Ադրբեջանին, որպես ահաբեկչությանը հովանավորող երկրների դիտարկելը եւ ընդհանրապես իսլամական երկրներով Հայաստանի շրջապատված լինելը: Բացի այդ, Թադեւոսյանի կարծիքով, Հայաստանն ըստ էության չպետք է միայնակ որոշի օդային միջանցք տրամադրելու խնդիրը, քանի որ մտնում է ԱՊՀ ՀՕՊ համակարգի մեջ, եւ առանց կառույցին անդամակցող մյուս երկրների համատեղ որոշման միայնակ գործել չի կարող: Պատգամավորը թերեւս մոռացել էր, որ ՀՕՊ երկրները հատկապես քննարկվող հարցում որոշել են գործել ըստ սեփական որոշումների:

ՀԺԿ-ի անդամ Ստեփան Զաքարյանը մտավախություն է հայտնում, թե օդային տարածքի բացումը կարող է ՆԱՏՕ-ի անդամ հարեւան Թուրքիային հնարավորություն տալ անարգել մուտք գործել մեր տարածքՙ վտանգելով Հայաստանի անվտանգությունը: Ազգային միաբանությունը կարծում է, որ Միացյալ Նահանգները հակաահաբեկչական գործողությունների քողի տակ փորձում է իր դիրքերն ամրապնդել Ռուսաստանի հենց քթի տակ եւ այդ նպատակով օգտագործում է նաեւ տարածաշրջանի երկրների օդային տարածքները:

Քաղաքական մեծամասնությունըՙ «Միասնություն» խմբակցությունը խնդիրն այլ ոսպնյակով է դիտարկում: Խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը շեշտը դնում է այն հանգամանքի վրա, որ հնարավոր է ահաբեկչությունը փոխակերպվի հասարակությունների հանդեպ բացահայտ ահաբեկչության, իսկ դա թույլ տալ չի կարելի: Եվ եթե ԱՄՆ ձեռնարկած քայլերն Աֆղանստանում այդ նպատակը չեն հետապնդում, օդային միջանցքների բացումը էական ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի անվտանգության վրա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4