«ԱՄՆ-ից մեր անդամները պիտի վերադառնայինՙ Արագածի հյուսիսային գագաթ խաչ բարձրացնելու սեպտեմբերի 21-ին նախատեսվող ակցիայի համար, որ պիտի իրականացնեինք ամերիկահայ Շանթ Հովնանյանի համագործակցությամբ», «Ազգին» երեկ տեղեկացրեց «Սպիտակ փրկարարական ջոկատ» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Մանթաշյանը: «Բայց սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո թե՚ նրանց վերադարձը, թե՚ ակցիան հետաձգվեցին»:
Ջոկատի յոթ անդամները, որոնք Մ. Նահանգներում մշտական բնակություն են հաստատել կամ ժամանակավոր աշխատանքի մեկնել, չվերադարձան ոչ միայն օդային կապի նախ բացակայության, այլեւ դժվարության պատճառով: Նրանք այնտեղ զբաղված են եղել փրկարարական աշխատանքներով:
Նրանց մի մասը, որ դեպքերի պահին հենց Նյու Յորքում է եղել, մեկը նույնիսկ իրՙ «Սպիտակ» փրկարարական ջոկատի անդամ շան հետ, Համաշխարհային առեւտրական կենտրոնի փլատակներում աշխատող առաջին կամավորների թվում է եղել, Շանթ Հովնանյանի գլխավորությամբ:
Արդեն սեպտեմբերի 13-ից, երբ ջոկատի մյուս անդամները Նյու Յորքի շրջակայքում գտնվող իրենց բնակավայրերից հասել են ողբերգական դեպքերի վայր, նրանք սկսել են գործել «Սպիտակ» փրկարարական ջոկատի անվամբՙ երկու հերթափոխով չլքելով առեւտրական կենտրոնի փլատակները: Ջոկատի անդամներն իրենց գործունեությունը դադարեցրել են միայն 4 օր առաջ, քանզի փրկարարական աշխատանքները կասեցվել են իսպառ, եւ ԱՄՆ կառավարությունն սկսել է կորածների մահվան վկայականները հանձնել նրանց հարազատներին:
Երեւանում էլ «Սպիտակ» փրկարարական ջոկատը, Գեւորգ Մանթաշյանի գլխավորությամբ, ահաբեկչական գործողություններից արդեն երկու ժամ հետո մարտական պատրաստ վիճակում է եղել եւ իր օգնության առաջարկը ներկայացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը: Նրանց փոխանցվել է ԱՄՆ կառավարության շնորհակալությունըՙ նշելով, որ կարիքի դեպքում անպայման կընդունվի օգնությունը, բայց առայժմ Մ. Նահանգները գործում է սեփական ուժերով: Սեփական ուժերի կողքին հաճելիորեն կային մեր հայրենակից կամավորները, որոնք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինելով չեն խնայել իրենց մասնագիտական օգնությունը:
Լ. Գ.