«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2001-09-26 | #174, 2001-09-27 | #175, 2001-09-28


ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՙ Ի ՀԻՇԱՏԱԿ ԴՍՏԵՐ

Երեկ սփյուռքահայ եւ տեղացի հյուրերի աննախադեպ հոծ բազմություն էր հավաքվել Երեւանի թիվ 172ՙ Հակոբ Օշականի անվան դպրոցի մոտ: Միջոցառման «մեղավորն» ամերիկաբնակ գործարար եւ բարերար Ժիրայր Կարապետյանն էր, որը հերթական գողտրիկ բարեգործությունն էր արելՙ հովանավորելով շինարարական աշխատանքները թիվ 172 դպրոցում: 5-6 ամսվա ընթացքում հիմնովին վերանորոգվել էր դպրոցի մարզադահլիճըՙ վերածվելով ժամանակակից ոճի մարզասրահիՙ հարակից բոլոր հարմարություններով: Մարզասրահի բացման արարողությանը ներկայացել էին նաեւ կրթության եւ գիտության նախարարության, քաղաքապետարանի կրթության վարչության աշխատակիցները: Թիվ 172 դպրոցի տնօրեն պրն Գեոլյանը, իր երախտագիտությունը հայտնելով, նշեց, որ վերանորոգմանը նախորդած 10 տարիների ընթացքում մարզադահլիճը գտնվում էր կիսավեր վիճակում, անգործության էր մատնված, ֆիզիկական դաստիարակության դասեր չէին անցկացվում: ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանն իր խոսքում նշեց. «Կրթության զարգացմանը նպաստողի գործը չի մոռացվում»: Այլ ելույթներ եւս եղան, իսկ ամենավերջում մի քանի խոսք ասաց ինքըՙ հովանավորը: Նա տեղեկացրեց, որ մարզասրահը կառուցել է եւ անվանելու է ի հիշատակ իր վաղամեռիկ դստերՙ Նաիրի Կարապետյան-Մինասյանի: Այնուհետեւ նորակառույց «Նաիրի» մարզասրահում հյուրերի համար համերգային ելույթներով հանդես եկան դպրոցի սաները:

Ա. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4