Այն, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության ողջ ընթացքում Ադրբեջանի քաղաքական իշխությունները միշտ էլ նենգափոխել են փաստերը եւ միտումնավոր ապակողմնորոշել հանրությանըՙ այժմ ոչ ոքի չի զարմացնում: Բնավ զարմանալի չէ նաեւ մեր հարեւան պետության պահեստային սպաների միության հանկարծակի ակտիվացումն օրվա թեմա դարձած միջազգային ահաբեկչության առիթով:
Իրենց հայտարարության մեջ Ադրբեջանը վերստին ներկայացնելով իբրեւ «հայկական ահաբեկչության զոհ», նրանք հերքում են նաեւ ղարաբաղյան պատերազմում մեծ թվով թալիբների մասնակցությունը հօգուտ Ադրբեջանի: Ըստ երեւույթին նրանք մոռացել են իրենց մոլեռանդ զինակիցներին, որոնց ներկայությամբ երբեւէ խիստ ոգեւորված էին:
Ի պատասխան ադրբեջանցի սպաների այս սին հերքման, օրերս Արցախի պետական հեռուստատեսությունը ցուցադրեց ռազմագործողությունների ժամանակաշրջանում արցախցի լրագրողների նկարահանած կադրերը գերի ընկած թալիբների մասին: Նրանցից մեկըՙ Բախտիար անունով, Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքից, վատ թուրքերենով լրագրողներին պատմում էր, որ ինքը եւ իր ընկերները Ղարաբաղ են եկել «Թալիբան» կազմակերպության դրոշի տակՙ մուսուլման եղբայրներին օգնելու: Բախտիարը գերի էր ընկել Ֆիզուլու տարածքում եւ զարմանալի է, որ «թալիբական արժանապատվությամբ» ինքնասպան չէր եղել գերի ընկնելու ժամանակ: Երիտասարդ աֆղանցու համար կյանքը երեւի քաղցր է եղել, եւ կրոնական մոլեռանդությունը տեղի է տվել բնական կենսասիրությանը:
Ավելացնենք, որ Արցախի հեռուստատեսությունը մեկ անգամ չէ, որ ցուցադրել է ադրբեջանական բանակի կազմում կռվող վարձկան այլազգիների գերեվարման մասին իրական կադրեր: Վարձկաններ, որոնց ղարաբաղյան ճակատ է բերել նաեւ իրենց հավատակիցների հանդեպ, այսպես կոչված, «պարտքի զգացումը»: Գրոհայինների համար, թերեւս, փողը եւ պարտքը նույն հասկացությունն են: Եվ Ադրբեջանում այս իրողությունը միշտ էլ գնահատել են յուրովի:
ԵՂԻՇԵ ԱՐՇԱԿՅԱՆ, Ստեփանակերտ