Արցախի ողնաշարը կազմող «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի առաջինՙ 20 կիլոմետրանոց հատվածը սեպտեմբերի 28-ին հանձնվեց շահագործման: Ասկերանի եւ Մարդակերտի շրջաններն իրար կապող այս ճանապարհահատվածի շինարարությունը սկսվել է 2000 թ. հուլիսին, որի աշխատանքներն իրականացրել են «Արցախավտոճանապարհ» ՊՁ-ն, «Վրեժ» եւ «Քարավան» շինարարական կոոպերատիվները:
Ինչպես նշեց «Արցախավտոճանապարհ» ՊՁ գլխավոր տնօրեն Ռոլես Աղաջանյանը, թեեւ ճանապարհի բացումը պաշտոնապես տեղի է ունեցել, սակայն որոշ շտկման աշխատանքներ դեռ պիտի կատարվեն, որոնք առավելագույնը մեկ շաբաթ կտեւեն: Արդեն հայտարարվել է եւս երեք հատվածների կառուցման մրցույթ, որի առաջին փուլը կայացել է վերջերս:
Նախքան ճանապարհահատվածի բացման հանդիսավոր արարողությունը, լրագրողների «օղակում» հայտնված «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը նշեց, որ Արցախի ողնաշարի կառուցումը հիմնադրամի նպատակային ծրագրերից մեկն է, եւ առաջիկա հեռուստամարաթոնից հանգանակված գումարները պիտի ծախսվեն բացառապես ավտոճանապարհի կառուցման վրա: Լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է, որ այս տարի մարաթոնը տեղի չունենա, պրն Տեր-Ղեւոնդյանը պատասխանեց, որ առայժմ որեւէ փոփոխության մասինՙ կապված նոյեմբերի 22-ի թելեթոնի ծրագրերի հետ, խոսք չկա:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ ճանապարհի կառուցումը մաս առ մաս է տեղի ունենում, գործադիր տնօրենը պարզաբանեց, որ դա արվել է հյուսիս եւ հարավ ուղղություններում հավասարակշռությունը պահպանելու նպատակով: Շրջանները կենտրոնին կապելը ռազմավարական նշանակություն ունի: Այս առումով անհրաժեշտ է առաջիկայում ճանապարհաշինարարական աշխատանքներն ակտիվացնել Հադրութի շրջանում, որովհետեւ այս շրջանն ըստ էության մեկուսացված է կենտրոնից նույն կերպ, ինչպես, ասենք, ՀՀ-ում Մեղրին:
Երկարության չափով, ավելացրեց հիմնադրամի գործադիր տնօրենը, «Հյուսիս-հարավ» ճանապարհի շահագործված հատվածը կազմում է Գորիս-Ստեփանակերտ մայրուղու կեսը, մինչդեռ այս դեպքում ճանապարհահատվածն ավելի արագ է կառուցվել եւ դարձյալ բարձր որակով: Դա խոսում է այն մասին, որ արցախցի ճանապարհաշինարարներն արդեն բավականին փորձ են ձեռք բերել, վարպետացել իրենց գործում:
Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի խաչմերուկում շահագործման հանձնված 20 կիլոմետրանոց ճանապարհահատվածի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հետկեսօրին: Միջոցառմանը մասնակցում էին ինչպես պետական բարձրաստիճան այրեր, այնպես էլ տասնյակ հյուրեր արտասահմանից, որոնք համակված էին տոնական տրամադրությամբ:
Կարմիր ժապավենը կտրելու պատիվը բաժին ընկավ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին եւ Երեւանից ժամանած հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Գագիկ Հարությունյանին:
Նորակառույց ճանապարհը Խաչենի եզրափակիչ հատվածում օրհնեց Արցախյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսյանը:
Ճանապարհահատվածի հանդիսավոր բացմանը տեղի ունեցավ եւս մի հաճելի արարողություն: Արցախին քանիցս իր բարեգործություններով սատարած Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Հրայր Հովնանյանն արժանացավ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի: Արցախի բարձրագույն պետական պարգեւն անձամբ հանձնեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: «Վաչագան Բարեպաշտի» անվան մեդալ հանձնվեց նաեւ սփյուռքահայ մեր բարերարներից մեկինՙ Սավի Թուֆենկյանին:
Հաջորդ օրը «Հայաստան» համահայկական հիմնադրամի արցախաշեն ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ուշագրավ մեկ այլ իրադարձություն. շահագործման հանձնվեց Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի ջրատարը, որը կառուցվել էր գերմանահայ համայնքի հանգանակած միջոցներով: Դա Գերմանիայում բնակվող մեր հայրենակիցների ուժերով կառուցված երրորդ կառույցն էր Արցախում:
Ելույթ ունենալով ջրատարի բացմանը, գերմանահայ համայնքի անդամ Ռուբեն Վասիլյանը հաջողություններ մաղթեց սղնախցիներին եւ հույս հայտնեց, որ դա իրենց վերջին բարեգործական ձեռնարկումը չի լինի Արցախում:
Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը:
ԵՂԻՇԵ ԱՐՇԱԿՅԱՆ, Ստեփանակերտ