«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2001-09-28 | #176, 2001-09-29 | #177, 2001-10-02


ԱՐՄԵՆՏԵԼԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Նշում են տրանսպորտի եւ կապի նախարարությունում

Հայաստանում արագագործ ինտերնետ կապի խնդիրը հրատապ լուծում է պահանջում: Արմենտելի միջազգային ելքի կապուղիների չտրամադրմանը եւ դրա պատճառով արագագործ ինտերնետի փաստացի բացակայությանն «Ազգն» անդրադարձել էր վերջերս («Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը հետընթաց է ապրում», 19 սեպտեմբերի, 2001թ.): Հրապարակման մեջ ոլորտի մասնավոր ընկերություններից մեկի ղեկավարն իր մտահոգությունն էր արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Այս հարցի վերաբերյալ խոստացել էինք հրապարակել համապատասխան գերատեսչությունների պարզաբանումները: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Սամվել Ստեփանյանի հետ մեր հարցազրույցում («Ազգ», 20 սեպտեմբերի, 2001 թ.) հարցերից մեկն առնչվում էր հենց այս խնդրին: Սամվել Ստեփանյանը պատասխանել էր, որ «ընկել ենք բյուրոկրատական քաշքշուկի մեջ», քանի որ ո՚չ Արմենտելը, ո՚չ կապի եւ տրանսպորտի նախարարությունն ըստ էության չեն պատասխանում իրենց հարցերին: Այս անգամ ներկայացնում ենք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տեսակետը, որի վերաբերյալ մեզ պարզաբանումներ տվեց նախարարության կապի եւ տեղեկատվայնացման վարչության պետի տեղակալ Գրիգոր Սաղյանը: Նա նշեց, որ ներկայումս, իրոք, հաստատված չեն արբանյակային սեգմենտի եւ մանրաթելքային կապուղիներով արագագործ միջազգային ելքի սակագները: Արմենտելը պետք է դրանք կիրառելուց 60 օր առաջ ներկայացնի առաջարկություններ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը: Վերջինս այդ առաջարկությունները ներկայացնում է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը, որի հետ համաձայնեցնելուց հետո տալիս է համապատասխան հրաման սակագների հաստատման մասին: Ինչն էլ գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարությունում:

Ըստ վարչության պետի տեղակալի, Արմենտելը երկու-երեք անգամ ներկայացրել է առաջարկներ արբանյակային սեգմենտի սակագնի վերաբերյալ: Դրանք չեն ընդունվել, որովհետեւ հիմնավորված հաշվարկներ չեն եղել ներկայացված: Մանրաթելքային կապուղիներով արագագործ միջազգային ելքի սակագները ընդհանրապես չեն առաջարկվել: Նախարարությունն Արմենտելին նախազգուշացրել է եւ ժամկետ է սահմանել, որ բոլոր չհաստատված սակագների վերաբերյալ առաջարկներ ներկայացվեն:

Իսկ ի՞նչն է պատճառը, որ նախարարությունը հրաժարվել է հաստատել արբանյակային սեգմենտի սակագինը: Այս հարցին ի պատասխան Գրիգոր Սաղյանը մեզ մատնացույց արեց «Հեռահաղորդակցության մասին» օրենքի համապատասխան հոդվածը, որտեղ նշվում է, որ բացառիկ իրավունքով մատուցվող ծառայությունների սակագները լիազորված մարմինը հաստատում էՙ ելնելով հեռահաղորդակցության ցանցերի շահագործման, սպասարկման, վերազինման եւ զարգացման հետ կապված ծախսերի ծածկման, կապիտալ ներդրումների մատուցման, շահութաբերության ապահովման, ինչպես նաեւ տնտեսվարման շուկայի այլ պահանջներից, որոնք ամրագրված են լիցենզիայով: Այսինքն սկզբունքը տրված է, բայց Արմենտելն այդ սկզբունքին համապատասխան սակագին չի առաջարկել:

Եթե, այնուամենայնիվ, Արմենտելն այդպես էլ հիմնավոր հաշվարկված սակագներ չներկայացնի, ապա որպես «ինքնիշխան պետություն Հայաստանն իրավունք ունի լիցենզիան վերցնել կամ լիցենզիայում կատարել համապատասխան փոփոխություն», նշեց կապի տեղեկատվայնացման վարչության պետի տեղակալը: Նա միաժամանակ ավելացրեց, որ դա ծայրահեղ միջոց է, եւ նախարարությունն այժմ չի պատրաստվում դիմել դատական ատյաններ: Նա հույս ունի, որ երկու կողմերն էլ ի վերջո այս հարցի վերաբերյալ արդյունքի կհասնեն խորհրդակցությունների եւ բարյացակամ քայլերի միջոցով, ինչն, ի դեպ, ամրագրված է լիցենզիայում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4