«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2001-09-28 | #176, 2001-09-29 | #177, 2001-10-02


ԺՈՂՈՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատումՙ նրա նախագահ Քրիստիան Պոնսլեի մասնակցությամբ, կայացել է «Հիշողության Եվրոպա» կազմակերպության ժողովըՙ նվիրված Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաեւՙ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եվրոպական հիշողության մեջ դրոշմված ողբերգական իրադարձություններին: Բանախոսներըՙ Հայոց ցեղասպանության մասնագետ Իվ Թեռնոնը, Սենատի անդամներ, քաղաքագետներ, իրենց ելույթներում կանգ են առել այդ իրադարձությունների պատմության վրա, որոնք վերապրողները այսօր համակված են վկայելու, իրենց հիշողությունը սերունդներին փոխանցելու կամքով:

Ըստ «Ազատության», կազմակերպությունը Փարիզում այս տարվա հունվարին ստեղծվել է հենց այդ նպատակովՙ համախմբել եւ հետազոտողների, ուսումնական հաստատությունների տրամադրության տակ դնել այն բոլոր տեղեկությունները, որոնք վերաբերում են Եվրոպայի պատմությանըՙ 1915-1945 թվականների ողբերգական իրադարձությունների շրջանում: Կազմակերպության կանոնադրությունը ստորագրել եւ նրա գործունեությանն են միացել Եվրոպայի մի շարք երկրների տարբեր կազմակերպություններ:

Քրիստիան Պոնսլեն, որն այս կազմակերպության հովանավորն է, բացելով ժողովը, կարեւորել է հիշողության պահպանումն ու սերունդներին փոխանցումը, մասնավորապես հիշատակելով այն փաստը, որ Ֆրանսիայի Սենատը վերջերս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ժողովի վերջում Իվ Թեռնոնն իր ընդդիմությունն է հայտնել թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի հանդեպ, ասելով, որ այն կազմակերպված է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության պահանջը մոռացնել տալու նպատակով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4