ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հ. Ալիեւի եւ Է. Շեւարդնաձեի միջեւ Բաքվում ստորագրվել է Վրաստանով ադրբեջանական գազի արտահանման վերաբերյալ միջպետական պայմանագիր, ինչը Ադրբեջանի նախագահը որակել է որպես «պատմական նշանակության իրադարձություն»:
Ինչպես գրում է ադրբեջանական «525-րդ» թերթը, Հ. Ալիեւը հայտարարել է, թե այդ պայմանագիրը կարեւոր է ոչ միայն իրենց երկրների, այլեւ ողջ Կովկասի եւ Եվրոպայի համար, քանի որ դրանով տարածաշրջանն ավելի ամուր է կապվում Արեւմուտքի հետ: Նա կարծիք է հայտնել, որ էներգակիր խողովակները տարածաշրջանի անվտանգության մի տեսակ երաշխիք են: Վրաստանի նախագահն իր հերթին հույս է հայտնել, որ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական համագործակցությունը շուտով կտա իր պտուղները եւ ադրբեջանցի ժողովրդին համարել է երջանիկ, քանի որ նա ապրում է «բնական հարստություններով առատ մի երկրում»:
Լրագրողների այն հարցին, թե ինչպես է ապահովվելու ապագա գազատարի անվտանգությունը միջազգային ահաբեկչության աճի պայմաններում, Ադրբեջանի նախագահը պատասխանել է, որ այդ հարցը կարեւոր է, քանի որ երկու երկրներն էլ ներգրավված են ռազմական հակամարտությունների մեջ, եւ անհրաժեշտ են կտրուկ միջոցառումներՙ գազատարի պահպանության համար: Նա կարեւորել է միջազգային համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում եւ նշել. «Ով մեզ մեղադրում է ահաբեկչության կազմակերպման մեջ, ինքն է հենց զբաղվում ահաբեկչությամբ»:
Վրաստանի նախագահին շփոթեցրել է այն հարցը, թե արդյո՞ք Վրաստանում բնակվող ադրբեջանցիների նկատմամբ կիրառվող ճնշումները պետք է դիտել որպես պետական քաղաքականություն, թե՞ առանձին մարդկանց գործողությունների արդյունք: Իր գործընկերոջն օգնության հասած Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե իրենք այդպես մտածելու համար որեւէ լուրջ հիմքեր չունեն, ինչին հետեւել է Շեւարդնաձեի պատասխանը. «Ամեն ինչ կարգին է»: