Մնում է պարզել «ահաբեկչություն» տերմինի սահմանները եւ ով է ահաբեկիչ
Անցնող ուրբաթՙ ուշ երեկոյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) միաձայն ընդունեց ԱՄՆ-ի առաջ քաշած հակաահաբեկչական բանաձեւը, որը ՄԱԿ-ի անդամ 189 պետություններին պարտավորեցնում է դադարեցնել «ահաբեկիչներին ֆինանսավորելը, վարժեցնելը, տանիք տալը»: Այն պետության դեմ, որը չի կատարի հակաահաբեկչական բանաձեւի պայմանները, ՄԱԿ-ի ԱԽ-ն կարող է պատժամիջոցներ, ներառյալ ուժ կիրառել: Ըստ Անվտանգության խորհրդի (15 պետություններ, որից 5-ը մշտական անդամներՙ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) ընդունած բանաձեւի, ՄԱԿ-ի անդամ 189 պետությունները պարտավոր են կանխել եւ դադարեցնել ահաբեկիչների ֆինանսավորումը, անհապաղ սառեցնել ահաբեկիչների եւ ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսական աղբյուրները, դադարեցնել ահաբեկչական կազմակերպություններում նոր անդամների հավաքագրումը եւ կանխել նրանց զենքի մատակարարման ճանապարհը, հրաժարվել ապաստան տալուց նրանց, ովքեր ֆինանսավորում, նախագծում, աջակցում կամ իրականացնում են ահաբեկչական գործողությունները, միմյանց օժանդակել այն հետաքննությունների դեպքում, որոնք վերաբերում են ահաբեկչությանը, կանխել ահաբեկիչների կամ ահաբեկչական խմբերի տեղաշարժըՙ ուժեղացնելով սահմանային անցումների վերահսկողությունը: Բանաձեւը բոլոր 189 պետություններին հորդորում է 90 օրվա ընթացքում ՄԱԿ ներկայացնել հաշվետվություն, թե ինչպես են իրականացվում վերոշարադրյալ կետերն իրենց պետություններում:
Ուրբաթ երեկոյան Անվտանգության խորհուրդը 14 կողմ, 1 դեմ քվեներով վերացրեց Սուդանի նկատմամբ 1996 թ. ընդունած պատժամիջոցները: Բնականաբար, դեմ քվեարկեց միայն ԱՄՆ-ը, որը Սուդանին, ինչպես այլ վեց պետություններիՙ Իրաք, Իրան, Սիրիա, Լիբիա, Կուբա, Հյուս. Կորեա, համարում է ահաբեկչությունը պետականորեն հովանավորող երկրներ, ինչը կողմնակալ է եւ ունի վերանայման կարիք: Նույն 1996 թ. ՄԱԿ-ի ԱԽ-ից առանձին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառում Սուդանի նկատմամբ, որոնք շարունակում են մնալ ուժի մեջ:
ՄԱԿ-ի ԱԽ ընդունած բանաձեւը, անշուշտ, չափազանց կարեւոր է եւ ցույց է տալիս, հատկապես միաձայն ընդունելու դեպքում, աշխարհի պետությունների միասնական վերաբերմունքը, տվյալ պարագայումՙ միջազգային ահաբեկչությունն արմատախիլ անելու անհրաժեշտությունը: Մնում է պարզել ամենակարեւորն ու ամենադժվարը, խիստ վիճարկելինՙ «ահաբեկչություն» տերմինի սահմանները եւ ով է ահաբեկիչ: Հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան լիագումար նիստում քննարկում է միջազգային ահաբեկչությունը վերացնելու միջոցառումները: Սպասվում է, որ յուրաքանչյուր երկիր փորձելու է «ահաբեկչություն» հասկացությունը հարմարեցնել իր պատկերացումներին եւ շահերին: Ադրբեջանը, որի ներկայացուցիչը ելույթ է ունենալու 134-րդը, հասկանալի է, թե ինչ է ասելու: Հայաստանի ներկայացուցիչըՙ 142-րդն է:
Դժվար է ասելՙ ԱՄՆ-ը, ՄԱԿ-ից նման բարոյական եւ հոգեբանական աջակցություն ստանալով, շարունակելո՞ւ է իր արհամարհական վերաբերմունքը ՄԱԿ-ի նկատմամբ, թե՞ ահաբեկչության դեմ պայքարելու եւ այլ գլոբալ հարցերում (օրինակՙ Կիոտոյի համաձայնագիրը) համագործակցելու է եւ հաշվի է առնելու այլ պետությունների կարծիքը, շահերը: ՄԱԿ-ի կենտրոնակայանում այն կարծիքն է տիրում, որ սեպտեմբերի 11-ը ստիպելու է Վաշինգտոնին կակղեցնել իր դիրքորոշումները, ասել է թեՙ ամբարտավան կեցվածքը մյուս ազգությունների եւ պետությունների հանդեպ: «Արդյոք ՄԱԿ-ում բարեփոխումներ անելու ժամանակը չէ՞, չե՞ք կարծում, որ մենք բոլորս ԱՄՆ-ի պատանդն ենք»ՙ հարցով «Ազգը» դիմեց ՄԱԿ-ի պաշտոնյաներից բրիտանացի Էդվարդ Մորթիմերին: Պատասխանը շատ կարճ էր եւ հստակ. «Մենք իրականության պատանդն ենք»: Ուրեմնՙ կեցցե գերությունը, քանի դեռ այսպիսին է իրականությունը:
Համենայն դեպս, ԱՄՆ-ի վարվելաձեւում փոփոխություններ նկատվում են: Ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ Աֆղանստանի տարածքում գործող շուրջ 50 «Ալ Ղաիդայի» ճամբարներում կան չեչեններ: Ինչպես նշել ենք «Ազգի» նախորդ համարներից մեկում, Չեչնիայի հարցում Վաշինգտոնը փոխել է շեշտադրումները եւ չեչեններին անվանում է անջատողականներ (ճիշտ է, ԱՄՆ ԶԼՄ-ները շարունակում են գործածել «rebel»ՙ ապստամբ բառը- Թ. Հ.):
Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը պատերազմ է սկսելու Թալիբանի, ավելի ճիշտՙ բեն Լադենի «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության դեմ, որը բջիջներ ունի (ըստ ամերիկյան գաղտնի ծառայությունների տվյալների) 34 պետություններում, այդ թվում Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքիայում: Անշուշտ, սա չի նշանակում, թե ԱՄՆ-ը ռմբահարելու է Վրաստանը կամ Ադրբեջանը, առավել եւսՙ Թուրքիան, որի տարածքում գտնվող Ինջիռլիք ռազմակայանը կենսական նշանակություն ունի Վաշինգտոնի համար:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Նյու Յորք, ՄԱԿ-ի կենտրոնակայան