Պատճառը դաշնակիցներից ոմանց ներքին հակասություններն են
Նախագահ Ջորջ Բուշիՙ ԱՄՆ-ի զինված ուժերին ուղղված «պատրաստ լինելու» կոչի համաձայն, վերջիններս շարունակում են պատրաստվել Աֆղանստանի դեմ պատերազմին: Այդ ընթացքում պաշտոնական Վաշինգտոնը շարունակում է դաշնակիցներ որոնել: Ըստ երեւույթին, Աֆղանստանի դեմ ռազմական գործողությունների իրագործումը պայմանավորված է որոնման արդյունքներով, որոնք այնքան էլ գոհացուցիչ չեն: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է Մ. Նահանգների այն դաշնակիցներին, որոնք անմիջականորեն կմասնակցեն ցամաքային գործողություններին: Ակամա հարց է ծագումՙ հանուն ինչի՞: Այդ հարցի պատասխանը միանշանակ էՙ հանուն հավելյալ թշնամիներ ձեռք բերելու: Քանի որ դաշնակիցների առումով Վաշինգտոնն իր որոնումները կենտրոնացրել է տարածաշրջանի երկրների վրա, իսկ դրանք մահմեդական բնակչություն ունեն, ուստի ԱՄՆ-ի կողքին աֆղանցիների դեմ պատերազմելը դրանց համար կնշանակի ոչ միայն իսլամական աշխարհին հակադրվել, այլեւ դեմ գնալ սեփական ժողովրդի կամքին:
Պակիստանի իշխանություններն արդեն բախվում են հակազդեցությանը, ինչի հետեւանքով եթե վերջիններս մեկուսանում են իրենց ժողովրդից, ապա երկիրը հետզհետե կանգնում է իսլամական աշխարհից մեկուսացման սպառնալիքի առջեւ: Աֆղանստանի հարցում ԱՄՆ-ին աջակցելու պատրաստակամության համար Պակիստանի իշխանություններին բացահայտորեն դատապարտում են Ինդոնեզիայի մահմեդական բնակչությունը, «Ալժիրի իսլամական ճակատը» եւ իսլամ արմատականների բազմաթիվ այլ կառույցներ: Հատկանշական է, որ այս կառույցներից շատերին սեփական նպատակներին ծառայեցնելու համար զինել եւ ֆինանսավորել է ԱՄՆ-ը, մի մասին դեռ շարունակում է հովանավորել:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա թալիբները, հրկիզելով ԱՄՆ դեսպանատունը Քաբուլում, սպառնացել էին, որ հրկիզման ենթակա է նաեւ թուրքական դեսպանության շենքը: Ավելին, թուրքական մամուլի ներկայացուցիչները Պակիստանում դարձել էին հակաամերիկյան ցույցերի մասնակիցների հարձակումների թիրախը: Մինչդեռ Թուրքիան, հանձին վարչապետ Էջեւիթի, պաշտոնական նամակով մերժել էր ռազմական գործողություններին զենքով եւ զորքով մասնակցելու ԱՄՆ-ի պահանջը: Ուրեմն, ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքը որքան էլ պարտավորեցնող լինի Պակիստանի եւ Թուրքիայի համար, հակազդեցության ներքին եւ արտաքին դրսեւորումները վերջիններիս նախազգուշացնում են, ինչը թույլ չի տալիս, որ Վաշինգտոնը նրանց ներքաշի պատերազմի մեջ:
Հարցը, սակայն, սոսկ իսլամական աշխարհը չէ, այլ տարածաշրջանի ազդեցիկ պետություններից Իրանի, Հնդկաստանի եւ Չինաստանի հավանական հակազդեցությունը, որը Պակիստանի եւ Թուրքիայի իշխանությունների համար աֆղանական առաջիկա պատերազմը դարձնում է ավելի մտահոգիչ, քան հավելյալ թշնամիների ձեռքբերումը: Թերեւս այդ առումով պատահական չեն հակաաֆղանականի փոխարեն «հակաթալիբյան կոալիցիայի» ձեւավորման Վաշինգտոնի վերջին միտումներն ու դաշնակիցների ձեռքբերման առումով նրա որոնումների կենտրոնացումը «Հյուսիսային դաշինքի» վրա:
Նկատի ունենալով Ուսամա բեն Լադենին եւ թալիբներին «Հյուսիսային դաշինքի» մաս կազմող ուժերի դեմ տարիներ շարունակ օգտագործելու պարագան, թվում է, թե Աֆղանստանում «հակաթալիբյան կոալիցիայի» ձեւավորումը եւս չի կարող հեռանկարային լինել ԱՄՆ-ի համար: «Հյուսիսային դաշինքը», քաջ իմանալով ԱՄՆ-ի նկրտումները, նրան եթե ոչ թշնամանքով, ապա ակնհայտ կասկածամտությամբ է վերաբերվում: Կասկածանքի առումով միանգամայն հատկանշական են վերոհիշյալ դաշինքի ներկայացուցչի հետեւյալ խոսքերը. «Մենք պատրաստ ենք անուղղակիորեն աջակցել ամերիկացիներին, պայմանով, որ վերջիններս երկրում թալիբների իշխանության տապալումից հետո հեռանան Աֆղանստանից: Աֆղանական ժողովուրդն ինքն է իր ճակատագիրը որոշում: Եթե ամերիկացիները փորձեն խոչընդոտել, ապա մենք մեր զենքը կուղղենք նրանց դեմ»:
ԱՄՆ-ի նկատմամբ «Հյուսիսային դաշինքի» վերոհիշյալ կասկածամտությունը միանգամայն հասկանալի է, իսկ զենքը ամերիկացիների դեմ ուղղելու պատրաստակամությունըՙ տրամաբանական: Թերեւս դա համապատասխանում է Աֆղանստանում ԱՄՆ-ի երկարաժամկետ ներկայությունը բացառելու Իրանի, Հնդկաստանի եւ Չինաստանի տրամադրություններին: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա սկսած 1993-ից ընդդեմ թալիբների զենքով եւ զինամթերքով օգնում է «Հյուսիսային դաշինքին»: Օրերս Գերմանիայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ իր երկիրը զենք եւ զինամթերք է մատակարարելու Դաշինքի ուժերին:
Սա Դաշինքի վրա Ռուսաստանի քաղաքական ազդեցության վկայությունն է: Թերեւս Աֆղանստանի վտարանդի թագավոր Մոհամադ Զահիր Շահի հետ ԱՄՆ-ի բանակցությունները, առավել եւս թալիբների իշխանության տապալումից հետո հայրենիք վերադառնալու եւ երկրի կառավարման պատասխանատվությունն ստանձնելու ամերիկյան առաջարկները պայմանավորված են թե՚ Դաշինքի ուժերին սեփական նախաձեռնությամբ համախմբելու, եւ թե՚ ռուսական ազդեցությունը թուլացնելու Վաշինգտոնի քաղաքական հաշվարկներով: Կարդարանա՞ն ԱՄՆ-ի այս հաշվարկները, ցույց կտա Աֆղանստանում նախատեսվող ռազմական գործողությունների ընթացքը: Բայց որ «հակաթալիբյան կոալիցիան» դեռ չձեւավորված, թալիբներին հաջողվում է հակաամերիկյան կոալիցիա ձեւավորել եւ դրա մեջ ներգրավել ԱՄՆ-ին դաշնակից այնպիսի երկրների ժողովուրդներին, ինչպիսիք են Պակիստանն ու Ինդոնեզիան, որեւէ կասկածի տեղիք չի տալիս: Ընդ որում, ԱՄՆ-ի յուրաքանչյուր քայլին թալիբները պատասխանում են համարժեք քայլերով: Ավելին, հենց նրանց հակաքայլերն են արժանանում դրական արձագանքի: Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ նախագահ Բուշի կոչին, որը սեպտեմբերի 26-ին հասցեագրվել էր աֆղան ժողովրդին: Բուշը աֆղանցիներից պահանջում էր ապստամբել թալիբների դեմ: Պահանջն արձագանք չգտավ, բայց Ուսամա բեն Լադենի կոչին արձագանքեց Պակիստանի ազգային պաշտպանության խորհուրդը եւ Աֆղանստանին խոստացավ լիարժեք աջակցություն ընդդեմ ԱՄՆ-ի: Միաժամանակ թալիբների հոգեւոր առաջնորդ մոլլա Մոհամադ Օմարը դիմեց ամերիկացիներին. «Ձեր ողբերգությունների պատճառը Մերձավոր եւ Միջին Արեւելքում ամերիկյան իշխանությունների որդեգրած անփառունակ քաղաքականությունն է: Զարմանում եմ. ինչպե՞ս չեք հասկանում, թե ովքեր են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչները: Դուք բանականություն չունե՞ք: Մի՞թե Ուսամա բեն Լադենի հնարավորությունները թույլ կտան նրան կազմակերպել այդպիսի լայնածավալ գործողություններ»: Դրան հետեւեց բեն Լադենի «Ալ Ղաիդա» կազմակերպությանՙ կատարված ահաբեկչության համար ամերիկյան համակարգին եւ հրեական կառույցներին մեղադրող հայտարարությունը: Կազմակերպության ռազմական թեւի պատասխանատու Մոջահիդը սպառնաց. «Եթե ԱՄՆ-ը հարձակվի մեզ վրա, ապա աշխարհը կհեղեղենք արյունով»:
Սեպտեմբերի 27-ին նույն մոլլա Օմարն անլուրջ համարելով ԱՄՆ-ի սպառնալիքները, վստահաբար հայտարարեց, որ ամերիկացիները չեն համարձակվի հարձակվել Աֆղանստանի վրա: Նա, այնուամենայնիվ, ավելացրեց. «ԱՄՆ-ը գերհզոր տերություն է, բայց պատերազմը մենք ենք շահելու»: Օմարի այս հայտարարությունն էլ իր արձագանքը գտավ Պակիստանում եւ Ինդոնեզիայում: Երբ իսլամականները Կարաչիում ցրում էին հօգուտ իշխանությունների կազմակերպած ցույցը, ապա Ջակարտայում ցուցարարները բուռն ելույթներից հետո շարժվում էին դեպի ԱՄՆ-ի դեսպանատուն եւ սպառնում, որ Աֆղանստանի վրա հարձակման դեպքում գրավելու են շենքը:
Նախագահ Բուշը, թուրքական «Միլիեթ»-ի վկայությամբ, անելանելի վիճակում է հայտնվել: Առանց հակաաֆղանական կոալիցիան ձեւավորելու եւ հակաթալիբյան ուժերին ամերիկյան նախաձեռնությամբ ընդդեմ թալիբներին միավորելու Աֆղանստանի վրա հարձակման դեպքում ԱՄՆ-ը խրվելու է ճահիճը: Հարձակումից հրաժարվելու պարագայում նա կորցնելու է ոչ միայն ամերիկացիների աջակցությունը, այլեւ կասկածի տակ է դնելու պաշտոնական Վաշինգտոնի միջազգային հեղինակությունը: Նրա անելանելի վիճակը պայմանավորված է այն երկընտրանքով, որի մեջ նա հայտնվեց իր ռազմատենչ եւ անհավասարակշիռ հայտարարություններով: Ուրեմն, նա որքան էլ հրաժարվի «աշխարհը դեպի հաղթանակ առաջնորդելու» ձգտումներից, չի կարող հրաժարվել ամերիկյան հասարակական կարծիքի առջեւ իր իսկ հայտարարությունների պատասխանատվությունից:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ