82 տարեկանում կյանքից հեռացավ Հայաստանի իրավաբանների ավագ սերնդի ներկայացուցիչ, հանրապետության վաստակավոր իրավաբան Վարդան Արամի Մուսախանյանը:
Վ. Մուսախանյանը ծնվել է 1919 թ., Երեւանում: 1939 թ. զորակոչվել է խորհրդային բանակ, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: 1946 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 1948 թ. ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրան, իսկ 1956 թ. պաշտպանելով գիտական թեզՙ ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1949 թ. սկսած Վ. Մուսախանյանն աշխատանքի է անցել Համամիութենական իրավաբանական հեռակա ինստիտուտի Երեւանի մասնաճյուղում, նախՙ որպես դասախոս, ապաՙ 1952-54 թթ. որպես տնօրեն: 1954-56 թթ. Վ. Մուսախանյանը եղել է ԵՊՀ պրոռեկտորը, 1970- 74 թթ.ՙ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանը, խորհրդային իրավունքի միջբուհական ամբիոնի վարիչը:
Վ. Մուսախանյանը մեծ ներդրում ունի նաեւ գիտության բնագավառում: Նրա գրչին են պատկանում երկու տասնյակ գիտական աշխատանքներ, այդ թվումՙ ուսումնական ձեռնարկներ:
Վարդան Մուսախանյանիՙ լավագույն մարդու, վաստակաշատ իրավաբանի հիշատակը միշտ վառ կմնա հանրապետության իրավաբանական հասարակայնության, նրա բազմաթիվ սաների եւ գործընկերների սրտերում:
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԱՏ, ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ