«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2001-09-28 | #176, 2001-09-29 | #177, 2001-10-02


ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸՙ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Սերգեյ Սոլովյովի «Քնքուշ հասակ» ֆիլմի պրեմիերան Երեւանում

«100 օր մանկությունից հետո», «Ասսա» եւ այլ հանրահայտ ու սիրված ֆիլմերի ռեժիսոր Սերգեյ Սոլովյովն օրերս Երեւանում էր, ուր «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացրեց իր նորավարտ «Քնքուշ հասակ» ֆիլմը: Ռուս անվանի կինոռեժիսորը, որ Հայաստան էր ժամանել 1700-ամյակի տոնակատարության կապակցությամբ, անձամբ էր ցանկություն հայտնել միջազգային կինոփառատոներում եւ մի շարք երկրներում մեծ հաջողությամբ ցուցադրված այս ֆիլմը հայ հանդիսատեսի դատին ներկայացնելու: Սոլովյովը մինչ ֆիլմի ցուցադրումը մի քանի խոսքով ներկայացրեց իր նորավարտ աշխատանքը, որի սցենարը գրել է որդու եւ այս կինոնկարի գլխավոր դերակատարիՙ Դմիտրիի հետ համատեղ:

«Սա պարզ ֆիլմ է, որի սյուժեն հիմնված է անմիջապես հետխորհրդային շրջանի երիտասարդության կյանքը ներկայացնող իրական պատմությունների վրա. դրանք ինձ պատմել է որդիս: Ես սկզբում չէի հավատում, որ մեր օրերում, մեր երեխաների հետ, հնարավոր է, որ նման բաներ կատարվեն: Սակայն փաստ է, որ մենք դաժան ժառանգություն ենք թողել մեր երեխաներին. նրանք խճճվել են ժամանակակից քաղաքական, տնտեսական եւ այլ անցուդարձերում, նրանք մեր ավագ սերնդի գործած սխալների զոհն են: Եվ ամենացավալին այն է նաեւ, որ մենք հաճախ պարզապես անտեսում ենք մեր զավակների ներքին ապրումները, իսկ չէ՞ որ նրանքՙ քնքուշ հասակում գտնվողները, ավելի ազնիվ, խելացի եւ զգայուն են, քան մենք.», ֆիլմի բովանդակությունն ու տրամադրությունը ներկայացրեց ռեժիսորը: Ս. Սոլովյովի դերն ու նշանակությունը ռուսական կինեմատոգրաֆում, նրա արվեստը ներկայացրին նաեւ հայ գործընկերներըՙ կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը եւ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Սերգեյ Իսրայելյանը:

Ֆիլմի ցուցադրմանը նախորդած գովեստներն ու բարձր գնահատականները, որ վերջիններս ներկայացրին հանդիսատեսին, լիովին արդարացրեցին իրենց: «Քնքուշ հասակը» դիտելովՙ առաջին հերթին մտածում ես, թե ինչպե՞ս է խորհրդային շրջանում ձեւավորված ավագ սերնդի կինոռեժիսորը կարողացել այդքան ճիշտ ընկալել ժամանակակից երիտասարդության խնդիրները, այդքան իրատեսորեն ցուցադրել անցումային ժամանակաշրջանում հայտնված մի ողջ սերնդի հոգեկան ճգնաժամը: Երիտասարդ, սակայն արդեն խեղված ճակատագրերի մի յուրատեսակ հանրագիտարան ներկայացնող այս ֆիլմի գլխավոր արժանիքներից է թերեւս, որ ռեժիսորը կարողացել է, ներքուստ համատեղելով, հանդիսատեսին մատուցել երկու, միմյանց անհարիր իրականությունՙ արտաքին անկենդան աշխարհն ու կինոնկարի հերոսների հարուստ, դինամիկ, կենդանի ներաշխարհը: Տարբեր հարթություններում գտնվող այդ իրականությունների, օբյեկտիվի ու սուբյեկտիվի բախումից էլ ծնվում ու զարգանում է ֆիլմի գլխավոր հերոսիՙ Իվան Գրոմովի կյանքի պատմությունը: Քնքուշ հասակի մի պատմությունՙ գեղեցիկ կառուցված այդ ֆիլմում, որն անպայման արժե դիտել.

ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4