«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2001-09-28 | #176, 2001-09-29 | #177, 2001-10-02


ՆՈՐ ԵՆՔ ՍԿՍՈՒՄ

Համահայկական երիտասարդական հիմնադրամըՙ ՀՊՃՀ-ին

ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի բարձր հովանավորությամբ 1998 թ. դեկտեմբերից Հայաստանում գործում է Համահայկական երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ): Վերջինիս նպատակն էՙ օժանդակել երիտասարդության (մասնավորապես ուսանողության) սոցիալական պաշտպանությանը, գիտակրթական, առողջապահության ծրագրերի իրականացմանը: Այն նաեւ աջակցելու է երիտասարդության շահերն ու իրավունքներն ամրագրող օրենսդրական դաշտի ստեղծմանը եւ նշված գործընթացում երիտասարդական կազմակերպությունների ներգրավմանը: Հիմնադրամի նպատակային ծրագրերում ընդգրկված են ուսանողական հանրակացարանների մասնակի վերանորոգումը, ուսանողների հանգստի կազմակերպումը, ուսանողական համակարգչային կենտրոնի ստեղծումը եւ այլն:

Իր գոյության երեք տարիների ընթացքում ՀԵՀ-ն իրագործել է իր նպատակային ծրագրերի մեծ մասը: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում դրանք ի կատար են ածվում ուսխորհրդի միջոցով: Հիմնադրամի հովանավորությամբ արդեն երկրորդ տարին է, ինչ ՀՊՃՀ 60 ուսանողներ իրենց ամառային հանգիստն անցկացնում են Այրիվանի «Վինդսերֆինգ» առողջարան-ճամբարում: Իսկ 2000 թ. հունիսից համալսարանում գործում է «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների վարժանքային կենտրոնը»: Այնտեղ ուսանողների համար կազմակերպվում են համակարգչային ուսուցման անվճար դասընթացներ:

Ի դեպ, շուտով կենտրոնը կվերածվի հանրապետական նշանակության կրթօջախի:

ՀԵՀ-ի եւ ՀՊՃՀ ռեկտորատի աջակցությամբ ճարտարագիտական համալսարանի ՈՒՀԱ-ի «Բրավո» թիմը սեպտեմբերին Սեւանում մասնակցել է «Կապուտակ Սեւան» փառատոնին եւ սկսնակների մրցույթում գրավել առաջին տեղըՙ ստանալով հաջորդ տարի բարձրագույն լիգային մասնակցության ուղեգիր:

Հիմնադրամի հովանավորությամբ ՀՊՃՀ ուսխորհուրդն առաջիկայում նախատեսում է բացել անգլերեն լեզվի ուսուցման կենտրոն:

Համոզված ենք, որ ՀԵՀ-ի դեռեւս չիրականացած ծրագրերը շուտով կյանքի ուղեգիր կստանան:

ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4