«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2001-09-28 | #176, 2001-09-29 | #177, 2001-10-02


ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈ՞ՒՆ

Վարդան Պետրոսյանի նոր ներկայացումը

Հայտնի էր, որ 1700-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրում ընդգրկված է Ռ. Օսեյնի «Հիսուս էր նրա անունը» ներկայացումը: Քիչ հավանական էր թվում, որ այն կարող է իրականանալ: Բայց ահա հունիս ամսին հայտնի դարձավ, որ հայ եւ օտարազգի դերասանների մասնակցությամբ բեմադրվում են «Հիսուս էր նրա անունը» (որոշակի հատվածներով) եւ Վարդան Պետրոսյանի «Խաղում ենք 1700»: 1700-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրից դուրս մնաց «Խաղում ենք 1700» մտորումը, որը ծաղր էր մեր իրականության ու նրանում առկա ամեն տեսակի խաղերի շուրջ:

Որքան էլ Վարդան Պետրոսյանը փորձում է արդարացնել այս մտահղացումը, համատեղումը, կարծում եմՙ ճիշտ չէր: Սեւի եւ սպիտակի, մաքուրի եւ ապականվածի հակադրումն է ուզում ցույց տալ: Աստվածաշնչյան պատմությունը, ինչը ընկած է Ռոբեր Օսեյնի պիեսի հիմքում, ինքնին ամբողջական էՙ իր հակասություններով հանդերձ: Վարդան Պետրոսյանին հարազատ մի մարդու թատրոնն էլ այդպիսին է եղել եւ այդպիսին կա: Այն կարիք չունի ուրիշ տեսակի միջամտությունների (այս պարագայում թող ինձ թույլ տրվի ասել, ոչ թե լրացում, այլ միջամտություն մի ուրիշ ներկայացման մեջ):

Երկու թատրոնների միացումը եթե չվնասեց Վ. Պետրոսյանին, ապա չլրացրեց եւ չամբողջացրեց հաստատապես: Լրիվ տարբեր մոտեցումներ ու տրամադրություններ են բերում այս երկու բեմադրությունները: Այս խառնուրդից ոչ առավել աստվածապաշտ ենք դառնում, ոչ էլ առավել խորն ենք սկսում մտածել մեր շուրջը տիրող խաղերի մասին: Նպատակն առավել արդարացված կլիներ, եթե ներկայացումներն առանձին խաղացվեին: Ամբողջական պատկերն ավելի ընդգծված ու լրիվ կլիներ: Եթե Ռոբեր Օսեյնը թույլատրել էր իր ներկայացումը խաղալ, եթե հնարավորություն կար աշխարհի տարբեր ծայրերից դերասաններ հրավիրել, ապա ինչո՞ւ չներկայացնել ամբողջությամբ: Կպահանջվեր մեծ բեմ, որովհետեւ այս ներկայացումից երեւում էր, որ պիեսը նախատեսված է մեծ բեմի համար, կմտներ 1700-ամյակի միջոցառումների ծրագրի մեջ եւ աստվածաշնչյան պատմության բեմականացման հաղորդ լինելով (այս ձեւի մոտեցմամբ)ՙ գուցե շատ բաների շուրջ շատ ավելի խոր կմտորենք: Նյութը եւ թեման, ինչին դիմել է Վարդան Պետրոսյանը, հարուստ շերտեր ունի, եւ լայն հնարավորություն էր ընձեռվում ստեղծագործելու: Այն, ինչ որ ներկայացվեց, իսկապես վարպետությամբ է կատարվում, բայց ես կասեիՙ այս խաղի որոշ շերտերի ու երեւույթների կողքով է անցնում, ինչին Վարդան Պետրոսյանի նման զգայուն ու ճկուն ստեղծագործողը չէր կարող չարձագանքել:

Նախ այն, որ այս խաղն առաջին հերթին ապահովել է լայն ու մեծ բացված գրպաններ, ինքնաթիռներին հառած մեծ-մեծ աչքեր, հյուրանոցների բակերում մշտապես հերթապահող մուրացկաններ: Հրավերներ դրսի մարդկանց, որոնցից պահանջվում է առաջնահերթՙ «շաբաշային» տրամադրություն, իսկ ներսի մարդկանցՙ «թամադային» տրամադրություն, մնացածըՙ «քավորի վրա»: Եթե դարեր շարունակ աշխարհին զարմացրել ենք Նարեկացիով ու Քուչակով, հիմա արդեն առաջին քրիստոնյա ազգ լինելո՞վ ու դուդուկո՞վ: Վերջինիս Վարդանը վարպետորեն անդրադարձավ:

Վարդան Պետրոսյանն ինչպիսի կերպար էլ ստեղծի, հանդիսատեսի համակրանքը մնում է նրա կողմը, սիրում է, խղճում, չարանում, բայց միեւնույն է, փորձում է հասկանալ ու մի քիչ էլ հույս ունենալ: Դերասան Վարդան Պետրոսյանը զարմացրել է ու շարունակում է իր արվեստով զարմացնել: Երբ տեսնում եմ նրան բեմում, մտածում եմՙ որտեղի՞ց այսքան եռանդ: Նա երկու ժամ շարունակ հանդիսատեսին պահում է լարված, փայլուն անցումներ է անում մի վիճակից մյուսը, մի դերասանական ամպուլայից մյուսը: Մի որեւէ ժանրի մեջ նրան տեղավորել դժվար է: Եվ ողբերգականը եւ կոմիկականը խտացված են մի ներկայացման մեջ: Ինչպես ինքըՙ դերասանը մի զրույցի ժամանակ խոստովանեցՙ դրամատիկ ժանրի հետ հարազատությունը քիչ է: Վարդան Պետրոսյանը հաղթանակներ շատ է ունեցել: Եվ եթե այս միացված ներկայացման մեջ նա շատ փոքր քայլով ինքն իրեն զիջում է, միեւնույնն, սպասում ենք նրա նոր հաղթանակներին:

ԱՆԺԵԼԱ ԹՈՎՄԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4