Հայկական ֆուտբոլում տիրող հարաբերական անդորրը խախտվեց
«Սպարտակի» եւ «Շիրակի» հանդիպումը 17-րդ տուրի կենտրոնական խաղն էր: Մինչ այդ «Սպարտակը» 5 անընդմեջ հաղթանակ էր տոնել նոր գլխավոր մարզչիՙ Հովհաննես Զանազանյանի գլխավորությամբ, «Շիրակն» էլ իր հերթին հաջող էր սկսել 2-րդ շրջանըՙ տանելով 3 անընդմեջ հաղթանակ: Խաղն ընթանում էր «Սպարտակի» որոշ առավելությամբ: Առաջին խաղակեսում նպաստավոր պահերը չօգտագործեցին սպարտակցիներ Հայկ եւ Արամ Հակոբյանները, Արտակ Մինասյանը, իր հերթին մոտ տարածությունից վրիպեց շիրակցի Վարդան Բիչախչյանը: Ընդմիջումից հետո սպարտակցիները մոտ 5 րոպե մրցակցին ստիպել էին մեծ ուժերով պաշտպանվել սեփական տուգանային հրապարակում: Հենց այդ ժամանակահատվածում էլ ծավալվեցին գլխավոր իրադարձությունները: 62-րդ րոպեին օգտվելով մրցակցի պաշտպանի սխալից, Ռազմիկ Գրիգորյանը հայտնվեց հարվածային դիրքում, սակայն գերազանց խաղաց դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանը: Մեկ րոպե անց Հայկ Հակոբյանի հարվածից հետո գնդակն անցավ դարպասաձողի կողքով: 65-րդ րոպեին Արամ Հակոբյանը ձախ թեւով սրընթաց մտավ տուգանային հրապարակ եւ Գագիկ Մարգարյանի հետ պայքարում վայր ընկավ: Մրցավարն առանց վարանելու ցույց տվեց 11 մ նշակետը, ինչը շիրակցիների բուռն բողոքն առաջացրեց: Այնուամենայնիվ, կրքերը հանդարտվեցին, եւ Արամ Հակոբյանը բացեց հաշիվը: Չանցած 3 րոպե, մրցավարը նոր 11 մ նշանակեց «Շիրակի» դարպասին, գտնելով, որ հրել էին Տիգրան Հովհաննիսյանին: Եվ այստեղ արդեն շիրակցիների նյարդերը չդիմացան, եւ թիմի ղեկավարության պահանջով նրանք լքեցին խաղադաշտը:
Իհարկե, դժվար է միանգամից գնահատական տալ մրցավայրի վճիռներին. ամեն ինչ շատ արագ կատարվեց: Նույնիսկ մասնագետներից շատերը դժվարանում էին որոշելՙ կա՞ր 11 մ, թե՞ ոչ (հատկապես առաջին դեպքում), նշելով, որ միայն այդ դրվագների տեսագրության մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո թերեւս հնարավոր լինի ճշգրիտ պատասխանել:
Ինչեւէ, ներկայացնեմ շահագրգիռ կողմերի տեսակետները, ինչպես ասում են, խաղի «տաք հետքերով»: Բնականաբար, շիրակցիները բորբոքված էին, եւ նրանց կարելի էր հասկանալ. 3 րոպեում 2 11 մ, որը իրոք որ հազվադեպ երեւույթ է: Ակումբի նախագահ Գառնիկ Խաչատրյանը եւ գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանը խիստ դժգոհ էին գլխավոր մրցավարի սուբյեկտիվ, միակողմանի մրցավարությունից, գտնելով, որ նա խաղը դատում էր հօգուտ դաշտի տերերի: Նրանք համոզված էին, որ մրցավարը միտումնավոր է 11 մ նշանակել «Շիրակի» դարպասին: Երբ 2-րդ 11 մ-ը նշանակվեց, գտան, որ այլեւս անիմաստ է շարունակել հանդիպումը եւ որոշեցին ավելորդ նյարդեր չքայքայելու համար թիմը դուրս բերել ասպարեզից: «Շիրակի» ղեկավարությունը նաեւ գտնում էր, որ երեւանյան թիմի հետ նման կարեւոր խաղը չպետք է վարի երեւանցի մրցավարը:
«Սպարտակի» պետ Նիկոլայ Ղազարյանը համոզված է, որ երկու 11 մ հարվածներն էլ ճիշտ են նշանակվել, եւ դա կապացուցվի խաղի տեսագրությունը դիտելուց հետո: Նա գտնում էր, որ եթե մրցավարից բողոքելու առիթ կա, ապա «Սպարտակը» պետք է դժգոհ լինի, որ 0-0 հաշվի ժամանակ Գեւորգ Հովհաննիսյանը 11 մ չնշանակեց, երբ գնդակը դիպավ «Շիրակի» պաշտպանի ձեռքին, եւ խափանվեց վտանգավոր գրոհը, որը կարող էր գոլով ավարտվել:
Այժմ վերջնական խոսքը ֆուտբոլի ֆեդերացիայինն է: Իսկ մենք ֆուտբոլասերներին ներկայացնում ենք 17-րդ տուրի մյուս հանդիպումների համառոտ վիճակագրությունը:
Խաղերի արձանագրություններից
«Բանանց»-«Միկա»ՙ 0-1 (0-1)
Անդրեյ Բուլանով (14)
«Կոտայք»-«Զվարթնոց»ՙ 0-5 (0-2)
Մհեր Ավանեսյան (27, 63), Սեւադա Արզումանյան (41), Վահրամ Լոբյան (66), Սարգիս Նազարյան (90)
«Դինամո»-«Լեռնագործ»ՙ 0-0
«Ղարաբաղ»-«Փյունիկ»ՙ 1-6 (0-3)
0-1ՙ Վարազդատ Ավետիսյան (7), 0-2, 0-3ՙ Արման Քարամյան (20, 38), 1-3ՙ Արկադի Հակոբյան (51), 1-4ՙ Արման Քարամյան (66), 1-5ՙ Մամադու Դիավարա (69), 1-6ՙ Վարդան Մինասյան (77, 11 մ):