ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 2-ին աշխատանքային այցով Երեւան ժամանեց ՌԴ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Անատոլի Կվաշնինը: «Զվարթնոց» օդանավակայանում Կվաշնինը լրագրողներին տեղեկացրեց, որ իր այս առաջին արարողակարգային այցելությունը Հայաստան սովորական պլանային այց է:
Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում կատարված ահաբեկչության առնչությամբ Կվաշնինը նշեց, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում Ռուսաստանն առաջին հերթին ցուցաբերելու է մարդասիրական օգնություն: Նա տեղեկացրեց, որ այսօր Աֆղանստան են ուղեւորվել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության առաջին ինքնաթիռները:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Ռուսաստանը Հայաստանի օդային տարածքը Աֆղանստանի հնարավոր օդային ռմբակոծումների համար տրամադրելուն, Կվաշնինը նշեց, որ դա նորմալ է, քանի որ թռիչքի ընթացքում ինքնաթիռները պետք է անցնեն սահմանակից երկրների տարածքով:
Նույն օրը ՌԴ գլխավոր շտաբի պետը հանդիպեց Հայաստանի նախագահի, պաշտպանության նախարարի հետ: Հոկտեմբերի 3-ին Կվաշնինը եւ պատվիրակության մյուս անդամները կմեկնեն Գյումրի, ուր կմասնակցեն ՀՕՊ համատեղ ռազմական հերթապահության անցկացման հանդիսավոր արարողությանը: Նախատեսվում է նաեւ ՌԴ գլխավոր շտաբի պետի հանդիպումը 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի անձնակազմի հետ:
Երեւանի օդանավակայանում գեներալ Կվաշնինին դիմավորեցին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանը, պաշտպանության փոխնախարարներ եւ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպան Անատոլի Դրյուկովը: