«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2001-09-29 | #177, 2001-10-02 | #178, 2001-10-03


ՀԱՅԵՐԵՆ ՉԽՈՍԵ՞Լ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ

Բայց ինչ կարիք կա անտեղի խուճապի

Շաբաթ օրվա մեր համարում տպագրված «Լոս Անջելեսի հայերին զգուշացնում են հնարավոր ոտնձգություններից» վերնագրով նյութի առնչությամբ խմբագրությունը «Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանից ստացել է մանրամասնություններ, որոնք էլ թարգմանաբար համառոտ ներկայացնում ենք:

Վերջին շրջանում ոչ միայն քրիստոնյա արաբներ եւ մահմեդականի տեսքով անհատներ, այլ նաեւ «սիխ» հավատի հետեւորդներ (Հնդկաստան) հարձակման են ենթարկվում Կալիֆոռնիայում: Նրանք ոչ միջինարեւելցի են, ոչ էլ մահմեդական: Պարզապես մի փոքր մուգ մաշկ ունենալու պատճառով որոշ ուղեւորների չի թույլատրվել թռչել: Անցյալ շաբաթվա ընթացքում իտալացի-ամերիկացիներ իջեցվել են իրենց ինքնաթիռներից: Նույնիսկ նախագահ Բուշի եւ բարձրաստիճան պաշտոնյաների զգուշացումներից հետո թշնամական վերաբերմունքը շարունակվում է մահմեդական եւ այլ հավատի ու տեսքի քաղաքացիների նկատմամբ:

Այս մթնոլորտում Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Բոբ Յուսուֆյանն անցյալ շաբաթ ցնցող հայտարարություն արեց, զգուշացնելով հայերին մեքենաներում հայերեն երգեր բարձրաձայն միացնելուց, միասին բարձրաձայն հայերեն խոսելուց: Նրա խոսքերն անմիջապես քննադատության արժանացան ինչպես հայ անհատների, այնպես էլ հայկական կազմակերպությունների կողմից: «Չեմ կարծում, որ նման զգուշացումներն անհրաժեշտ էին, դրանք պարզապես ավելորդ մտահոգություն կարող են առաջացնել», նշել է քաղաքային խորհրդի մեկ ուրիշ ներկայացուցիչՙ Րաֆֆի Մանուկյանը: Մյուս կողմից, Հայ ազգային կոմիտեի Գլենդեյլի մասնաճյուղի նախագահ Արթին Մանուկյանն ավելորդ համարեց համայնքն «անհարկի խուճապի մատնելու» փորձերը:

Պատասխանելով քննադատություններինՙ Յուսուֆյանը նշեց, թե ինքը լավագույն մղումներով ցանկանում էր պարզապես ապահովել մարդկանց անվտանգությունը, բայց փոխանակ ասելու, որ բարձրաձայն հայերեն չխոսեն, նա երեւի թե Գլենդեյլի բնակիչներին պետք է հորդորեր հարգել իրենց համաքաղաքացիների իրավունքները, ինչ ազգության կամ հավատի էլ պատկանեն նրանք:

Եթե կառավարական պաշտոնյաները սկսեն թելադրել մարդկանց ինչ լեզվով խոսել կամ ինչ երաժշտություն լսել, ապա սայթաքումը դեպի այլ ոլորտներՙ ինչ հագնել, ինչ կազմակերպություններ հաճախել, կամ ինչ դավանել, չափազանց հեշտ կլինի:

Եթե քաղաքացիներն իրենք հրաժարվեին իրենց ընտրած իրավունքներից, ապա ահաբեկիչներն անկասկած հասած կլինեին իրենց նպատակին: Եվ այդ դեպքում նրանց դեմ պայքարելն անիմաստ կլինի:

Հայերը երկար տարիներ ապրել են արաբական եւ մահմեդական երկրներում, եւ բացառությամբ Թուրքիայից, ոչ մի այլ երկրում նրանք ստիպված չեն եղել սահմանափակումների ենթարկվել: Նրանք խոսել են իրենց մայրենի լեզվով եւ դավանել իրենց քրիստոնյա հավատը:

Վստահ ենքՙ Գլենդեյլի քաղաքային խորհրդի հայ պաշտոնյաները հավատարիմ կմնան այս երկրում ձեռք բերված ազատություններին եւ մարդու իրավունքներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4