ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրորդ օրն է շարունակվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի այցը Անկարա: Թուրքիայի նրա գործընկեր Սաբարհաթին Չաքմաքօղլուն մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ 2001 թ. կնշանավորվի որպես Ադբեջանի անկախության 10-րդ տարելից եւ երկու երկրների միջեւ սերտ համագործակցության սկզբնավորման եւ ամրապնդման խորհրդանիշ: Ըստ «Turkish Daily News»-ի, Թուրքիայի պաշտպանության նախարարը լրագրողներին հիշեցրել է, որ Ադրբեջանի համար կարեւորագույն խնդիր է մնում «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի զավթումը: Մենք միշտ ձգտելու ենք միջազգային իրավունքի եւ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի տարածքից Հայաստանի դուրսբերմանը», ասել է Չաքմաքօղլուն: Նախարարը վստահություն է հայտնել, որ ղարաբաղյան խնդիրը կլուծվի մոտակա ժամանակներում, քանի որ մեկ միլիոնից ավելի փախստականներ ապրում են անտանելի պայմաններում:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը մեղադրել է Հայաստանին եւ նրան աջակցողներին, Հայաստանն անվանելով Ադրբեջանին սպառնացող թիվ մեկ ահաբեկիչ: «ԱՄՆ-ի վրա ահաբեկչական հարձակումները վկայում են, որ ահաբեկչության հանդեպ չպետք է կիրառվեն երկակի ստանդարտներ», ասել է Սաֆար Աբիեւը: