Հոկտեմբերի 1-ինՙ ՌԱԿ ծննդյան 80-ամյա հոբելյանի օրը, Լոռու մարզ էր այցելել կուսակցության ղեկավարությունըՙ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, փոխատենապետ Հարություն Առաքելյանը, Հանրապետական վարչության անդամներ Գառնիկ Հովակիմյանը եւ Գագիկ Վարդանյանը, ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ, Կանադայի եւ ԱՄՆ արեւելյան շրջանների ատենապետ Հարություն Արզումանյանը:
Սպիտակի քաղաքապետ Համլետ Սարդարյանի հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում քննարկվեցին քաղաքի խնդիրները: Կանադահայ Հարություն Արզումանյանը Սպիտակ էր այցելել երկրաշարժից մի քանի ամիս հետո: Չնայած այժմՙ 12 տարի անց, քաղաքը հիմնովին չի վերականգնվել, այնուամենայնիվ, նա նկատեց տեղի ունեցած դրական տեղաշարժերը, որ քաղաքում բազմաթիվ շինարարական աշխատանքներ են կատարվել: Սպիտակի քաղաքապետի խոսքերովՙ նախկինում գործող վերելակաշինական գործարանը, կարի արտադրական միավորումը, կոշիկի ֆաբրիկան այսօր գրեթե ամբողջությամբ վերականգնված են, սակայն աշխատանքը սկսելու համար դեռեւս որոշ ներդրումներ են հարկավոր: Այս գործարանների վերագործարկումը քաղաքի ներկայիս 700 աշխատատեղին կավելացնի եւս 2-3 հազարը: Օրինակ բերելով վերելակաշինական գործարանը, որը վերականգնվել է Համաշխարհային բանկի տրամադրած վարկի միջոցով, Համլետ Սարդարյանը նշեց, որ գործարանը հետաքրքրում է նաեւ Վրաստանին եւ Իրանին: Որպեսզի գործարանն աշխատի, հարկավոր է եւս 700 հազար դոլարՙ որոշ սարքավորումներ եւ հումք ձեռք բերելու համար: Այդ դեպքում այն կապահովի մոտ 400 աշխատատեղ: Սպիտակի քաղաքապետը եւ ռամկավարները եկան ընդհանուր կարծիքի, որ միայն ներդրումներով է հնարավոր ոտքի կանգնեցնել ինչպես Սպիտակի, այնպես էլ ողջ երկրի քայքայված տնտեսությունը: Սակայն Ռուբեն Միրզախանյանը նշեց, թե օտարերկրյա ներդրումներ ակնկալելուց առաջ պետք է կայուն քաղաքական դաշտ ունենալ, օտարերկրյա ներդնողի համար իրավական լուրջ երաշխիքներ ապահովել: Ռուբեն Միրզախանյանի խոսքերովՙ վերջին տասը տարիների տխուր փորձը ցույց է տվել, որ մեր երկրի քաղաքական եւ օրենսդրական դաշտերը կարգավորված չեն, եւ շատ գործարարներ, այստեղ միլիոնավոր դոլարներ կորցնելով, այլեւս չեն վստահում մեր երկրին: «Սպիտակ քաղաքի, աղետի գոտու վերածնունդը կխորհրդանշի մեր երկրի վերածնունդը», եզրափակեց իր խոսքը ՀՌԱԿ ատենապետը:
Այնուհետեւ ՌԱԿ ղեկավարները հիմնեցին «Սպիտակ» ակումբը: Երդում տալով դրոշի առջեւՙ 10 սպիտակցիներ Հարություն Արզումանյանի կնքահայրությամբ համալրեցին կուսակցության շարքերը:
Վանաձոր քաղաքում արդեն գործում է ՀՌԱԿ ակումբ, հոկտեմբերի 1-ին կուսակցության անդամներ դարձան եւս 40 վանաձորցիներ: Մինչ երդմնառության արարողությունը քաղաքի կենտրոնական գրադարանում հավաքված վանաձորցիների եւ ռամկավարների միջեւ երկխոսություն սկսվեց: Վանաձորցիներին հետաքրքրում էին կուսակցության դիրքորոշումը, Ռուբեն Միրզախանյանի կարծիքն այս կամ այն քաղաքական, տնտեսական հարցի շուրջ, ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, խոսվեց նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների մասին: «Ներկայիս քաղաքական դաշտը կարիք ունի առողջ, կառուցող ուժի, լուրջ կուսակցությունները պետք է տեղ գրավեն քաղաքական ասպարեզում եւ ոչ թե արհեստածին, անբնական դաշինքները: Իսկ տնտեսության վերականգնման համար ներդրումներ են հարկավոր, ինչի նախապայմանը նույնպես քաղաքական դաշտի կարգավորումն է»:
Խոսելով ներկայիս քաղաքական դաշտի մասին, Ռուբեն Միրզախանյանը ցավով նկատեց, թե մենք այսօր չունենք կայացած ընդդիմություն, եւ նրանք, ովքեր այսօր որպես ընդդիմություն են ներկայանում, պարզապես իշխանությունը կորցրած ռեւանշիստներ են:
ՀՌԱԿ ատենապետը խոսեց նաեւ մեր օրերում գործարարի խեղաթյուրված կերպարի մասին: «Իրական գործարարը, որը բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները պետության առջեւ, վճարում է հարկերը, մեծագույն արժեք է պետության համար, եւ հարկավոր է բարենպաստ պայմաններ ստեղծել նրա գործունեությունը խթանելու համար, ինչն իր հերթին կնպաստի երկրի զարգացմանը»:
ՀՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ Հարություն Արզումանյանն անդրադարձավ կուսակցության պատմությանը: Խոսելով ռամկավարների ազգանպաստ գործունեության մասին, ընկեր Արզումանյանն ընդգծեց, որ պետության, ժողովրդի շահը միշտ էլ կուսակցական շահից բարձր է դասվել:
Հանդիպումից հետո մենք փորձեցինք նորագիր ռամկավարներից իմանալ, թե ինչու հատկապես այս կուսակցությունն են ընտրել, եւ ստացանք հետեւյալ պատասխանը. «Կուսակցության շարքերն անցնելիս մենք ուխտում ենք ծառայել ոչ թե կուսակցությանը, այլ պետությանն ու ժողովրդին: Իսկ դա մեզանից յուրաքանչյուրի պարտքն է»:
ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ