«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2001-09-29 | #177, 2001-10-02 | #178, 2001-10-03


ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆՈՐՙ «ԱՄՓՈՓՈՒՄ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՈՒՂԵՆԻՇԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ

«Մենք մտադիր ենք մատուցել տարածաշրջանի իրադարձություններն այնպես, ինչպես իրենք են տեսնումՙ մեր անմիջական եւ ոչ անմիջական հարեւանները: Հայկական մամուլի լուսաբանումը մեզ հայտնի է, պետք է իմանալ եւ այլոց մոտեցումը: Աշխարհը չի կարող մեզ հետաքրքրող հարցերին մշտապես նայել հայի աչքերով», ընթերցողին իր հայտնվելու պատճառներն է բացատրում «Ամփոփում» երկշաբաթաթերթը: Իրեն հասարակական, քաղաքական, տեղեկատվական, վերլուծական հռչակած պարբերականի անդրանիկ համարը լույս է տեսել սեպտեմբերի 29-ին, ներկայացնում է ՌԴ նախագահի, Հռոմի պապիՙ Հայաստան կատարած այցերին, թուրք-իսրայելական շփումներին, Հյուսիսային Քրդստանի սոցիալական եւ քաղաքական կյանքին ու այլ թեմաներին առնչվող նյութերՙ թարգմանված օտար, մասնավորապես թուրքական մամուլից:

Այս հանգամանքը պարզաբանելովՙ երկշաբաթաթերթի խմբագրական խորհուրդն առաջին խմբագրականում նշում է, թե իրենք նպատակ չունեն հայ ընթերցողներին վերածել Թուրքիայի, Ադրբեջանի կամ որեւէ այլ երկրի լսարանի: Պարզապես փորձելու են կենսագործել ուրիշ երկրներում տիրող իրականությունը, այլ ժողովուրդների տեսակետներն իմանալուՙ մեր ազգաբնակչության իրավունքը:

Թերթը հրատարակում է «Վեներայի ուղեծիր» ՍՊԸ-ն, որ ունի արդեն ժամանցային երկու երկշաբաթաթերթի տպագրության փորձ: Գլխավոր խմբագիրը բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Վահրամ Պետրոսյանն է: Մաղթենք, որ մեր լրատվական դաշտի նորահայտ անդամը հաջողի եւ, ինչպես խոստանում է, ընթերցողներին լրացուցիչ հնարավորություն ընձեռի հրատապորեն եւ խորությամբ հետեւելու «Հայաստանի անմիջական եւ տարածաշրջանային հարեւանների քաղաքական, տնտեսական, մշակութային խնդիրներին»:

Լ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4