Երեկ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ տեղի ունեցավ հիմնօրհնեքի արարողություն. այդ վայրում առաջիկայում կանգնեցվելու է զորավար Անդրանիկի արձանը: Արարողությունն անցկացվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի գլխավորությամբ, հոգեւոր դասից բացի ներկա էին նաեւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, զինվորականներ, Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, «Կենտրոնի» թաղապետ Արարատ Զուրաբյանը եւ այլք: Բազմամարդ արարողության մասնակիցների ուշադրության կենտրոնում, բնականաբար, երկուսն էինՙ պաշտպանության նախարարն ու զորավարի արձանի ֆինանսավորումն իրականացնող ամերիկահայ բարերար Վահրամ Շիրինյանը, որին Ս. Սարգսյանը ներկայացրեց միջոցառման հրավիրյալներին:
Պաշտպանության նախարարը, որին լրատվամիջոցներն անմիջապես սկսեցին ուղղել քաղաքականությանն առնչվող հարցեր, գերադասեց չշեղվել օրվա իրադարձությունից եւ խոսել միայն տեղադրվելիք արձանին վերաբերող հարցերի շուրջ: Այդուհանդերձ, Հայաստանի դեմ հարեւան Ադրբեջանից եւ Թուրքիայից պարբերաբար ուղղվող ռազմական ու այլ բնույթի սպառնալիքների առնչությամբ Ս. Սարգսյանը նշեց, որ «որեւէ երկիր իրավունք չունի Հայաստանին զենքով սպառնալու, եւ սպառնացողներն արժանի պատասխան կստանան»: Այնուհետեւ վերադարձավ բուն իրադարձության թեմայինՙ նշելով, որ անցյալի մեր հերոսների հիշատակը հարգելու եւ վառ պահելու այսօրինակ նախաձեռնությունները եւս ունեն ռազմահայրենասիրական մեծ նշանակությունՙ ցանկացած քարոզչությունից ոչ պակաս: Նախաձեռնության հովանավորըՙ Վահրամ Շիրինյանը տեղեկացրեց, որ հուշարձանի համար պահանջվող բարեգործությունն իրականացնում է ի հիշատակ վերջերս վախճանված իր կնոջ: Հուշարձանի հեղինակն է լինելու քանդակագործ Արա Շիրազը, որը նշեց, թե զորավարի կերպարում առաջին հերթին եւ հնարավորինս վառ կերպով արտահայտված է լինելու ազգային-ազատագրական պայքարի ոգին:
Ա. ԲԱԲԱՅԱՆ