«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2001-09-29 | #177, 2001-10-02 | #178, 2001-10-03


ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԷՐ, ՈՐ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՊԱՂԵՍՏԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ «ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍԸ» ՍԵՆՍԱՑԻՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ

Հոկտեմբերի 2-ի համարում տպագրված «Նախքան ահաբեկչությունը ԱՄՆ-ը պատրաստ էր ասելու, որ պաշտպանում է պաղեստինյան պետությանը» հոդվածը, անկասկած, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալու: «Նյու Յորք թայմսը» գրում է, որ Բուշի կառավարությունը մինչեւ սեպտեմբերի 11-ը պրպտումների մեջ էրՙ ինչպես եւ երբ հայտարարել, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Պաղեստին պետության ստեղծումը: Ըստ կառավարության մի անանուն աղբյուրի, պետքարտուղար Քոլին Փաուելը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ելույթում պետք է մանրամասներՙ ի՞նչ սահմաններում է ճանաչվում Պաղեստինը, ինչպե՞ս է որոշվելու պաղեստինցի փախստականների վերադարձի խնդիրը, ի՞նչ կարգավիճակ է նախատեսվում Երուսաղեմի համար: Անանուն աղբյուրը նշում է, որ նախագահ Բուշը շարունակում է խորհել Պաղեստինին աջակցելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու շուրջՙ ե՞րբ ընտրել ճիշտ ժամանակը:

Արդեն մի քանի օր ՄԱԿ-ի կենտրոնակայանում խոսակցություններ են պտտվում, թե ԱՄՆ-ը մինչեւ Պաղեստին պետության ճանաչումը, պատերազմական գործողություններ չի սկսի Աֆղանստանի դեմ: Ըստ էության, Վաշինգտոնի ջանքերը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում արաբական երկրների հետ կոալիցիա կազմելու առումով, անհաջողության են մատնվում: Արաբական աշխարհը, գրեթե միաձայն, Վաշինգտոնին ուղղակի կամ անուղղակի հասկացնում է, որ ահաբեկչության դեմ պայքարում բոլոր անհրաժեշտ միջոցներով կօժանդակի, եթե ԱՄՆ-ը վերջնականապես լուծի իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, այսինքնՙ համաձայն ՄԱԿ-ի թիվ 242 (ընդունվել է 1967 թ.) եւ 338 (1973 թ.) բանաձեւերի ճանաչի Պաղեստին պետությունը: Հիշեցնենք, սեպտեմբերի 23-ին Ջեդդա քաղաքում Պարսից ծոցի համագործակցության խորհրդի վեց պետություններըՙ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը, Օմանը, Կատարը, պաշտպանելով միջազգային ահաբեկչության դեմ ԱՄՆ ձեռնարկելիք պայքարը, միաժամանակ դատապարտեցին Իսրայելի ահաբեկչությունը պաղեստինցիների դեմ: Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից մի քանի ժամ անց Հորդանանի թագավորը ողբերգությունն ուղղակիորեն կապեց ԱՄՆ-ի միջինարեւելյան քաղաքականության հետ, իսկ Եգիպտոսի նախագահ Մուբարաքը Վաշինգտոնին հորդորեց պատասխան գործողություններ ձեռնարկելուց առաջ լուրջ խորհել:

«Նյու Յորք թայմսը» գրում է, որ սեպտեմբերի 11-ից առաջ Բուշը որոշել էր ՄԱԿ-ի տարեկան համաժողովի շրջանակներում, սեպտեմբերի վերջերին հանդիպել Յասեր Արաֆաթին: «Իսրայելի վարչապետ Ա. Շարոնը եւ ԱՄՆ հրեական խմբավորումները հավանություն էին տալիս իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը Բուշի նախկինՙ «իմ գործը չէ» մոտեցմանը եւ ոգեւորված չէին ԱՄՆ-ի նոր դիվանագիտական նախաձեռնությամբ, որը հայտարարվելու էր սեպտեմբերին ՄԱԿ-ում: Սեպտեմբերի առաջին շաբաթվա ազգային անվտանգության խորհրդի նիստում որոշում էր ընդունվել ԱՄՆ-ի նոր նախաձեռնությունը ներկայացնել սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթացքումՙ ՄԱԿ-ում», գրում է «Նյու Յորք թայմսը»:

Ըստ ամերիկյան հեղինակավոր թերթի, շուտով ԱՄՆ-ը Միջին Արեւելքում նշանակելու է հատուկ բանագնացի, ամենայն հավանականությամբ Իսրայելում եւ Սիրիայում ԱՄՆ նախկին դեսպան, Բուշ ավագի կառավարությունում պետքարտուղարի օգնական Էդվարդ Ջերեջյանին:

Միեւնույն ժամանակ, Միջին Արեւելքում չեն դադարում իսրայելյան բռնությունները, որոնք ուղեկցվում են պաղեստինցիների սպանություններով: ԱՄՆ-իՙ Պաղեստին պետության ճանաչումը պատմական իրադարձություն կլինի, սակայն նաեւ կարող է էլ ավելի սաստկացնել միջինարեւելյան բռնությունները: Բռնություններին վերջ տալու ԱՄՆ-ի բազում հորդորները որեւէ արդյունք չեն տվել: Ճիշտ է, Վաշինգտոնի ճնշման տակ վարչապետ Շարոնը թույլ տվեց արտգործնախարար Շ. Պերեսին հանդիպել Յ. Արաֆաթին, սակայն որեւէ առաջընթաց չգրանցվեց, իսրայելական ուժերն ավելի դաժանորեն շարունակեցին բռնությունները: Ճիշտ է, Սաբրայի եւ Շաթիլայի կոտորածի ճարտարապետ, այժմ վարչապետ Ա. Շարոնը Յասեր Արաֆաթին համեմատում է Ուսամա բեն Լադենի հետ, սակայն իրականությունն ուղիղ հակառակն էՙ բեն Լադենին ավելի շատ նման է Շարոնը: Համեմատենք. անցնող չորեքշաբթի տեղի ունեցած Արաֆաթ-Պերես հանդիպումից, որի ընթացքում որոշվեց տասը օրով դադարեցնել բռնությունները, անցել է հինգ օր: Ամենաքիչը 19 պաղեստինցի սպանվել, ավելի քան 250-ը վիրավորվել են, չի սպանվել եւ ոչ մի իսրայելցի զինվոր:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Նյու Յորք


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4