ԹԵՀՐԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրան-Հայաստան առեւտրական պալատի ղեկավարող կազմի իրանցի նախագահ Լեւոն Ահարոնյանը ԻՌՆԱ-ին հայտնել է, թե Իրանը տարեկան 120 մլն. դոլարի առեւտրափոխանակումներով Հայաստանի առաջին առեւտրային գործընկերն է այժմ: Նա հայտնել է, որ հոկտեմբերի 26-ին Երեւանում 10 օր տեւողությամբ կայանալու է Իրան-Հայաստան-Հունաստան եռակողմ առաջին ցուցահանդեսը, որի շնորհիվ Իրանի կազմակերպությունները կարող են իրանական ապրանքներ առաջարկել Միջին Ասիային, Կովկասին եւ Ռուսաստանին: Նա ասել է, թե ընթացիկ տարվա առաջին 4 ամսում Իրանի միջոցով ավելի քան 67 մլն. դոլարի ոչ նավթային ապրանքներ են ներմուծվել Հայաստան: Ահարոնյանը հիշատակել է, որ մինչեւ այժմ Իրանը Հայաստանում կազմակերպել է 7 մասնավոր ցուցահանդեսներ, որոնց ընթացքում իրանական արտադրանքները ջերմ ընդունելության են արժանացել ժողովրդի կողմից: Նշելով, որ Իրանն ու Հայաստանն ունեն զգալի ներուժ տեխնիկական ու ճարտարագիտական ծառայությունների ոլորտում, Ահարոնյանն ասել է, թե համատեղ ընկերությունների ստեղծումը կարող է նպաստել այս բնագավառում գործունեության զարգացմանը: