«Նաիրիտի» գործունեությունը նրա ստեղծումից ի վեր միշտ էլ որոշակի հակասական տրամադրություններ եւ մոտեցումներ է առաջացրել: Ներկայումս, երբ Հայաստանի քիմիական արդյունաբերության դրոշակակիր համարվող այս ձեռնարկության հետագա գործունեության շուրջ բանակցություններ են վարվում, համաձայնագրեր կնքվում օտարերկրյա այս կամ այն ընկերության հետ, դրանց նպատակահարմարության եւ արդյունավետության վերաբերյալ նույնպես տարակարծություններ են առաջանում: Խոսքը մասնավորապես Չինաստանում հայ-չինական համատեղ ձեռնարկության ստեղծման մասին է: Իրենց մտահոգությունները հայտնելու նպատակով երեկ խմբագրություն այցելեցին քիմիական գիտությունների թեկնածու Ժիլբերտ Մուրադյանը, որը նախկինում աշխատել է «Նաիրիտում», եւ կաուչուկի արտադրության պետի տեխնոլոգիայի գծով տեղակալ Ռուբիկ Մկրտչյանը: «Նաիրիտի» հետ կնքված վերջին պայմանագրերի մանրամասները ներկայացնելու նպատակով երեկ լրագրողների հետ հանդիպել էր նաեւ ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Աշոտ Շահնազարյանը, որին էլ վերահասցեագրեցինք քիմիագործների հիմնական հարցերը: Վերջիններիս մտահոգության հիմնական առարկան հայ-չինական համատեղ ձեռնարկության մեջ հայկական կողմից կաուչուկի անջատման եւ չորացման ագրեգատը ներդնելն է:
Ըստ Ժ. Մուրադյանի եւ Ռ. Մկրտչյանի, այդ ագրեգատը եւ մասնավորապես նրա նիկելապատ թմբուկը «ունիկալ եւ թանկարժեք» սարքավորում է, որը չի կարելի ապամոնտաժել ու Հայաստանից դուրս տանել: Դրա արժեքը նշվում է 30 մլն դոլար, որը հայկական կողմը ներդնելու է 8 մլն դոլար կազմող սեփական բաժնեմասի դիմաց: Ժիլբերտ Մուրադյանն ու Ռուբիկ Մկրտչյանն ասում են, որ փաստորեն կաուչուկ արտադրող 3 հոսքագծերից մեկը կդադարի գործել, ինչը նշանակում է արտադրության ծավալների անկում մինչեւ տարեկան 10-12 հազ. տոննայի (որը շահութաբեր չի կարող լինել): Մինչդեռ ուկրաինական «Ինտերկոնտակտի» հետ կնքվելիք պայմանագրով նախատեսված է ապահովել մինչեւ 25 հազ. տոննա հզորության արտադրանք: Այս դեպքում ուկրաինացիները կտեսնեն, որ այդ ագրեգատը բացակայում է եւ հզորությունը չի ապահովվումՙ կհրաժարվեն գործարքից: Մյուս խնդիրը կաուչուկների տեսականուն է վերաբերում: Մեզ այցելած նաիրիտցիներն ասացին, որ 3 հոսքագծերից մեկի բացակայության դեպքում հնարավոր չի լինի նաեւ կաուչուկների տեսականին ապահովել: Եվ, ի վերջո, նրանք առաջարկում են անցկացնել տեխնիկական աուդիտ եւ պարզել այդ հոսքագծերի հնարավորությունների սահմանը: Ռուբիկ Մկրտչյանն իր դժգոհությունը հայտնեց նաեւ այն մասին, որ փորձ է արվում սեպ խրել «Նաիրիտի» կոլեկտիվում: Դա, ըստ նրա, արվում է այսպեսՙ հայտարարվում է, որ 200 հոգի կարճաժամկետ, 50 հոգի երկարաժամկետ աշխատանքի են գործուղվելու Չինաստան: Դրա հետեւանքով հայ-չինական ձեռնարկության կողմնակիցներ եւ հակառակորդներ են առաջանում: Ժիլբերտ Մուրադյանի կարծիքով, Չինաստանում այդքան հայ աշխատակիցների կարիք չի լինի:
Բնականաբար, այլ էին արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Աշոտ Շահնազարյանի հիմնավորումները: Նա նախ ներկայացրեց ուկրաինական «Ինտերկոնտակտ» ընկերության հետ կնքվելիք պայմանագրի մանրամասները: Դրանք ենՙ այս ընկերությունը պետք է ձեռք բերի «Նաիրիտ-1»-ի բաժնետոմսերի 51 տոկոսը, 22 մլն դոլար ներդրումներ պետք է կատարվեն, հնարավոր է, որ դրանք լինեն մատակարարված գազի տեսքով: Մի խոսքովՙ ակնկալվում է, որ դա կլինի շահավետ գործարք: Նախատեսվում է տարեկան թողարկել 15-20 հազ. տոննա մինչեւ 10 տեսակի կաուչուկներ: Այսինքնՙ փոխնախարարը հերքեց այն պնդումները, թե 2 հոսքագծերով կաուչուկի տեսականին կնվազի կամ արտադրության ծավալները կընկնեն մինչ 10-12 հազ. տոննայի տարեկան: «Հիմա ենք 1 հոսքագծով տարեկան այդ ծավալը ստանում», նշեց Աշոտ Շահնազարյանը եւ մեր հարցին ի պատասխան ավելացրեց, որ այդ հոսքագիծն ու նիկելապատ թմբուկն արժեն ոչ թե 30 մլն դոլար, այլ մոտ 700-800 հազ. դոլար: Այն հայկական կողմը ներդրում է սեփական բաժնեմասում, որը կկազմի ձեռնարկության 40 տոկոսը: Հիմնադիր կապիտալը կազմելու է 35 մլն դոլար, որից 14 մլն դոլարն է հայկական (գիտական մտքի եւ ներդրված տեխնոլոգիայի տեսքով), 21 մլն դոլարըՙ չինական կողմինը: Հետագայում չինական կողմը գործարանի կառուցման համար պետք է ներդնի եւս 100 մլն դոլար: Ակնկալվում է 30-40 տոկոս շահութաբերություն, որը, եթե գումարային առումով արտահայտենք, հայկական կողմի համար տարեկան կկազմի 4-6 մլն դոլար: Պայմանագրում ամրագրվել է նաեւ այն դրույթը, որ մի շարք կարեւոր հարցերի վերաբերյալ ապագա ձեռնարկության տնօրենների խորհուրդը պետք է միաձայն որոշում ընդունի: Օրինակՙ դիվիդենտների վերաբաշխման համար: Պայմանագրում նշված է նաեւ, որ կողմերից մեկը ցանկության դեպքում կարող է հայտարարել եւ 6 ամիս հետո ստանալով իր վճարած բաժնեմասըՙ դուրս գալ ընկերությունից: Մեկ այլ համաձայնությամբՙ չինացիներն ապագայում ներդրումներ պետք է կատարեն «Նաիրիտ-2»-ում եւ այստեղ նույնպես ստեղծեն համատեղ ձեռնարկություն, որը կլինի գիտական ուղղվածության:
Ինչ վերաբերում է «Ինտերկոնտակտի» գործարքից հրաժարվելու հնարավորությանը, Աշոտ Շահնազարյանը տեղեկացրեց, որ ուկրաինական ընկերությունը տեղյակ է 3 հոսքագծերից մեկի ապամոնտաժման մասին եւ ավելացրեց, որ «Նաիրիտի» բաժնետոմսերն է ցանկանում գնել նաեւ իտալական մի ընկերություն (անունը չնշվեց): Վերջինս ապահովում է կոշիկի արտադրության բաղկացուցիչը կազմող սոսինձի հումքն ամբողջ Իտալիայում: Հնարավոր է, որ նրանք էլ 5-7 մլն դոլարի ներդրումներ կատարեն: Վերադառնալով Չինաստան ուղարկվող հոսքագծին, փոխնախարարը հայտնեց, որ համատեղ ձեռնարկության համար նախատեսված է միայն ներդնել թմբուկը (հոսքագծի անջատման-սառեցման հատվածը), տեղափոխման ժապավենը, պարկեր կարող մեքենան: Մյուս բոլոր սարքավորումները մնալու են Հայաստանում, որպես պահեստամասեր մյուս հոսքագծերի համար: Մեկ այլ տեղեկության վերաբերյալ, ըստ որի չինական կողմը չի կարողացել նույն նիկելապատ թմբուկը գնել ամերիկյան «Դյուպոն» ընկերությունից եւ այդ պատճառով է դիմել հայկական կողմին, Աշոտ Շահնազարյանն ասաց, որ նման թմբուկներ կան նաեւ Չինաստանում, եւ չինացիները չեն դիմել «Դյուպոնին»:
Ինչ վերաբերում է «Նաիրիտի» հսկայական պարտքերին, ապա դրանց մեծ մասն ակնկալվում է մարել պետական մնացած բաժնեմասի շահույթի հաշվին: Արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարարը տեղեկացրեց նաեւ, որ պահպանվելու են կաուչուկի ստացման ե՚ւ բուտադիենային, ե՚ւ ացետիլային եղանակները, իսկ առավելագույնը մինչեւ 25 հազ. տոննա կաուչուկ արտադրելու մեր հնարավորությունները համապատասխանում են շուկայի ներկայիս պահանջներին: Ավելին արտադրելու դեպքում, ըստ Աշոտ Շահնազարյանի, կունենանք իրացման խնդիրներ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ