«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2001-09-29 | #177, 2001-10-02 | #178, 2001-10-03


ԵՐԿՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՎ ՄԵԿ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՙ ԸՆԴԱՄԵՆԸ 10 ՕՐՈՒՄ

Հայկական կոնյակի, գինու եւ գարեջրի աննախադեպ հաջողությունները Լեհաստանում

Նոյեմբերին նախատեսված է Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվաշնեւսկու պաշտոնական այցը Հայաստան: Լեհաստանի նախագահի այցն ավելի շատ ունենալու է տնտեսական շեշտադրումներ: Նախագահի հետ սպասվում է նաեւ լեհաստանցի գործարարների մի մեծ խումբՙ Հայաստանում գործունեություն ծավալելու եւ գործընկերներ գտնելու առաքելությամբ: Այցի նախապատրաստման շրջանակներում կարեւոր էր վերջերս Լեհաստանի նախագահի կողմից ՀՀ կառավարական պատվիրակության ընդունելությունը, որը արտադրական ենթակառուցվածքների նախարար Դավիթ Զադոյանի գլխավորությամբ վերջերս գտնվում էր Լեհաստանի Կրինիցա քաղաքումՙ միջազգային բիզնես-ֆորումին մասնակցելու:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, լեհական փոքրիկ այդ քաղաքում անցկացվող ամենամյա միջոցառմանը, որը հաճախ անվանում են «Արեւելյան Եվրոպայի Դավոս», այս տարի առաջին անգամ մասնակցեց նաեւ Հայաստանը: Միջոցառումների կոորդինատոր Աշոտ Մուքոյանի վկայությամբՙ ֆորումին հայաստանյան ստենդը բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել, հատկապեսՙ հայկական խմիչքները: Ֆորումի երեկոներից մեկը իրավամբ կարելի է համարել հայկական, երբ ֆորումի ավելի քան 1200 մասնակիցներ (20 երկրների ընկերություններ, 15 երկրների վարչապետներ ու փոխվարչապետներ եւ չորս երկրների նախագահներ) հաճույքով համտեսել են «Կոտայք» գարեջուրը, «Գրեյթ Արարատի» կոնյակներն ու «Վեդի Ալկո»-ի գինիները: Ֆորումի շրջանակներում եղել են նաեւ մի քանի կարեւոր հանդիպումներ, մասնավորապես, «Multico» կորպորացիայի նախագահ Յակուտաս Զբիգնեւի հետ: «Multico»-ն Լեհաստանի 5 խոշոր մասնավոր կառույցներից մեկն է, բազմապրոֆիլ գործունեությամբՙ մուլտիմեդիա, հրատարակչություն, անշարժ գույք եւ այլն: Կորպորացիան նաեւ երկրի ալկոհոլային խմիչքների ներկրման առաջատարներից մեկն է: Ծանոթանալով հայաստանյան խմիչքների որակին, մուլտիմիլիոնատերը ցանկություն է հայտնել ներկրումների ծավալում ընդգրկել նաեւ հայկական խմիչքներՙ «Գրեյթ Արարատի» կոնյակներն ու «Վեդի Ալկո»-ի գինիները: Լեհական ավիաընկերությանՙ «Լոտ»-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ ինքնաթիռների մենյուում «Գրեյթ Արարատի» կոնյակներն ընդգրկելու վերաբերյալ: Լեհաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի հետ էլ թարմացվել է ՀՀ Արդյունաբերողների ու գործարարների միության միջեւ կնքված պայմանագիրը, որի մի կետով լեհական կողմը պարտավորվել է վեց ամսովՙ հոկտեմբերի 15-ից ապրիլի 16-ը, ԱԱՊ շենքում կազմակերպել հայկական ապրանքների ցուցահանդես: Ինչ վերաբերում է հայկական ու լեհական ֆիրմաների միջեւ պայմանագրերի կնքմանը, լեհական խոշոր ապահովագրական ընկերություններից մեկն էլՙ «KuKe»-ն, պայմանագրերի ապահովագրման պատրաստակամություն է ցուցաբերել:

Ա. Մուքոյանի վկայությամբ, ֆորումից հետո Լեհաստանի Պոզնան քաղաքում անցկացված «Պոլագրոֆուդ-2001» գյուղատնտեսական ապրանքների ցուցահանդեսը եւս անցել է հաջողությամբ, սակայն քանի որ մասնակից ընկերությունների (վերոհիշյալ երեք խմիչք արտադրող ընկերությունները, «Եվրոթերմը», Արարատի ու Արտաշատի պահածոների գործարանները, «Գրանդ տոբակոն» ու «Գրանդ քենդին», «Սիգարոնը», «Ջերմուկ գրուպը») արտադրանքը ներկայացվել է ուշացումով (թեեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացված է եղել դեռ այս տարվա մայիս ամսից), հայկական ընկերությունները չեն մասնակցել մրցանակաբաշխությանը: Ցուցահանդեսի կազմակերպիչները, սակայն, խոստովանել են, որ եթե հայկական ապրանքները անցնեին մրցույթի ամբողջ գործընթացը, առնվազն 4-5 ոսկե ու արծաթե մեդալ կարող էին շահել:

Նմանապես, հաջողությամբ է անցել նաեւ Վարշավայի «Շերատոն» հյուրանոցում 1700-ամյակին նվիրված դիվանագիտական ընդունելությունը, Լեհաստանի կառավարության անդամների, բարձրաստիճան պաշտոնյաների, բազմաթիվ ազդեցիկ գործարարների, արվեստի գործիչների ու հայ համայնքի հայտնի անդամների մասնակցությամբ: Հանդիսությունը, որի կազմակերպիչը Լեհաստանում ՀՀ դեսպանությունն է, անցել է բարձր մակարդակով, առանձնապես մեծ հետաքրքրություն են առաջացրել հայկական ապրանքների համտեսն ու ընթրիքըՙ բացառապես հայկական ճաշատեսակներով: Վերոհիշյալ երեք միջոցառումներին Հայաստանը, մասնակիցների կարծիքով, ներկայացել է ըստ արժանվույն, ինչը մեկ կարեւոր քայլ է հայ-լեհական տնտեսական մերձեցման ճանապարհին:

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4