«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2001-09-29 | #177, 2001-10-02 | #178, 2001-10-03


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ԳՈՐԾԵՐԻՑ «ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԻՆ» ՉԻ ՇՆՈՐՀՎԻ

ՄԱԱ-ում հավաստիացրեց հանձնաժողովի նախագահը

Մամուլի ազգային ակումբի «Հոգեւոր Հայաստան» ծրագրի շրջանակներում երեկՙ հոկտեմբերի 2-ին, լրագրողները հանդիպեցին ՀՀ նախագահի մշակույթի եւ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական, արվեստի եւ գրականության բնագավառում Հայաստանի պետական մրցանակների շնորհման հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Դավոյանի հետ:

Հայաստանի պետական մրցանակը հանրապետությունում սահմանված բարձրագույն մրցանակն էՙ 5000 ԱՄՆ դոլար դրամական պարգեւով հանդերձ, սկզբից եւեթ նկատեց Ռ. Դավոյանը: Մրցանակը շնորհվում է 2 տարին մեկ, քանի որ «ասպարեզն ուսումնասիրելով ակնհայտ է դառնում, որ արվեստի եւ գրականության բնագավառում ամեն տարի չէ, որ ցցուն, ակնառու համարվող գործեր են ստեղծվում»:

Պետական մրցանակի հայցերի համար մարտի 1-ից մինչեւ օգոստոսի 1-ը համապատասխան կազմակերպությունները ներկայացրել են գրականության եւ արվեստի մի շարք գործեր: Չնայած հանձնաժողովի կանոնադրությունը հնարավորություն է ընձեռում ավելի շատ կառույցների հայցեր ներկայացնելու, սակայն այս ոլորտներում ներկայացրել են միայն ստեղծագործական միությունները եւ ՀՀ մշակույթի նախարարությունը:

Գրական մրցանակների հայցերի համար ներկայացվել են հետեւյալ գործերը. Ա. Մարտիրոսյանի «Ժամերգությունը», Ռ. Նահապետյանի «Ագռավի աղջիկը», Զ. Բալայանի «Կյանքՙ մահից հետո», «Սպիտակի դասերը», եւս երկու գործեր, Վ. Իսահակյանի «Հայրս» հուշագրությունը, Հ. Հովեյանի «Ծեսը» եւ «Թափառական ամառները», Ա. Ավագյանի «Ոգենյութը», Էդ. Միլիտոնյանի «Մատնահետքը», Ա. Այվազյանի «Ալիբի», Մ. Սարգսյանի «Դարավերջի հայը», Հր. Սարուխանի «Աստծո առավոտը», Հ. Հովեյանի «Թափառական առավոտները», Հ. Էդոյանի «Կյանքը. իմ ուղին», Ա. Հովհաննիսյանի «Տաք երկիրը»: Երաժշտության, կատարողական արվեստի բնագավառում ներկայացվել է Էդ. Հայրապետյանի «Հուր-հուր մեծ թիթեռ» սիմֆոնիան, Ռ. Ալթունյանի «Օրհներգը», 1700-ամյակի առիթով կոնցերտների շարքը, թատերական արվեստի բնագավառումՙ «Հիսուս Նազովրեցին եւ նրա երկրորդ աշակերտը»ՙ Հր. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնի ներկայացումը, Չեխովի «Բալենու այգին»ՙ Գ. Սունդուկյանի անվ. պետական ակադեմիական թատրոնի բեմադրությունը, «Տե՚ր, մի թողնիր մեզ անտեր»ՙ Հ. Պարոնյանի անվ. թատրոնի ներկայացումը: Կերպարվեստի ոլորտումՙ Կ. Աղամյանի «Էքսպո-2000» ցուցահանդեսի դիզայնը, Ս. Պետրոսյանի գեղանկարչական շարքերը, Վ. Վարդանյանի «Խաչելություն» գեղանկարչական շարքը, Ռ. Ղեւոնդյանի Երեւան հյուրանոցի ներսի որմնանկարները, Ռ. Ադալյանի 2000 թ. նկարիչների միությունում բացված ցուցահանդեսի աշխատանքները, Յ. Պետրոսյանի «Արամ Խաչատրյանի հուշարձանը»ՙ իր անվ. համերգասրահի դիմացի հրապարակում: Ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառումՙ Երեւան հյուրանոցի վերակառուցումը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Դավիթաշենի կամուրջը, կինոարվեստի բնագավառումՙ Ալբ. Մկրտչյանի «Ուրախ ավտոբուսը», Վ. Չալդրանյանի «Լռության սիմֆոնիան»:

Մինչեւ հոկտեմբերի վերջը հանձնաժողովը պետք է ընթերցի, դիտի, լսի բոլոր գործերը: Կկայանա նախնական ընտրությունը, դուրս կմնան այն գործերը, որոնք չեն համապատասխանի կանոնադրական պահանջներին, հանձնաժողովի 2-րդ նիստում կլսվեն մասնագիտական տեսակետներ, իսկ 3-րդ նիստի ժամանակ կկայանա վերջնական քննարկումը եւ փակ քվեարկություն:

ՄԱԱ-ի հյուրը նկատեց, որ ակնկալում է հասարակական քննարկում ներկայացված գործերի շուրջ: Ըստ նրաՙ այս գործը պետք է իրականացնեն լրագրողները: Չնայած այս մոտեցմանը Դավոյանը ընդգծեց. «Չորրորդ իշխանությունը արվեստի մեջ չի կարող իշխանություն լինել, քանի որ արվեստն ինքնիշխան գոյություն է»: Ըստ ՄԱԱ-ի հյուրիՙ հանձնաժողովում հավաքված է «գրականության եւ մշակույթի սերուցքը», ինչն էլ, ըստ Դավոյանի, իրավունք է տալիս հանձնաժողովին «չենթարկվել 4-րդ իշխանության ճնշումներին»:

Պետական մրցանակների շնորհման գործընթացը արդեն իսկ աչքի է ընկնում սկանդալներով, մանավանդ որ հանձնաժողովում կան մարդիկ, որոնք եւ հանձնաժողովի անդամ են եւ գործեր են ներկայացրել: Լրագրողի այս դիրքորոշմանը Դավոյանը պատասխանեց, որ սխալ է հակառակ մոտեցումը, մանավանդ որ տվյալ անդամը քննարկմանը ներկա չի լինելու, բայց քվեարկելու իրավունք ունի, իսկ «մի ձայնը ոչինչ չի որոշելու»:

Մենք խնդրեցինք Դավոյանին գնահատական տալ, թե ըստ ներկայացված գործերի ինչպիսին է 20-րդ դարավերջի հայ գրականությունն ու արվեստը: Չգիտես ինչուՙ այս հարցին պատասխանելը Դավոյանը համարեց անաչառության սկզբունքի խախտում, թեպետ մեր հարցը ընդհանուր գնահատական էր հավակնում: Ինչեւէ:

Լրագրողները տեղեկացան, որ հանձնաժողովը ունի 42 անդամ եւ գործելու է 6 տարի ժամկետով: Արդյունքները ոչ ուշ, քան դեկտեմբերի 15-ը պետք է ներկայացվեն ՀՀ նախագահին: Մրցանակների հանձնումը կկայանա ավելի ուշ:

Հանձնաժողովը չի առաջնորդվում «չարյաց փոքրագույնն» ընտրելու սկզբունքով, չի բացառվում նաեւ, որ Հայաստանի պետական մրցանակը վերոհիշյալ որեւէ ոլորտում չշնորհվի եւ ոչ մի գործիՙ չափանիշներին չբավարարելու պատճառով, նկատեց Մամուլի ազգային ակումբի հյուրը: Իսկ «որոնք են չափանիշները» հարցը, ըստ էության, պատասխան չստացավ:

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4