Հայաստանում են եվրոպացի գրողները
Նոր ժամանակներում փոխվում են նաեւ արվեստի ու գրականության որոնումների ուղիները, ի հայտ են գալիս նոր ձեւեր, որոնք հարստացվում են ստեղծագործական աննախադեպ մտահղացումներով: Այդ որոնումների արդյունքն էր «Գրական ճեպընթաց-2000» միջազգային ծրագիրը, որի ընթացքում առաջին անգամ եվրոպական շուրջ 40 երկրների 104 գրողներ ճեպընթացով 45 օր ճամփորդեցին եվրոպական մայրցամաքովՙ մասնակցելով թեմատիկ բանավեճերի, կոնֆերանսների, գրական ընթերցումների: «Գրական ճեպընթաց-2000»-ին, ի թիվս եվրոպական երկրների գրչակիցների, ՀՀ նախագահի հովանավորությամբ մասնակցեցին նաեւ հայ գրողները: Այդ ճեպընթացի նպատակը եվրոպական համագործակցության խթանումն էր, մշակութային ինտեգրացիան եւ փոխադարձ ճանաչումը: Գրական այս գործընթացի ժամանակ բոլոր մասնակից գրողները գրեցին էսսեներ կամ պատմվածքներ այդ ուղեւորության եւ նոր դարի շեմին եվրոպական ընտանիքի ձեւավորման խնդիրների մասին: Այդ ամենը տպագրվեց մեկ գրքովՙ «Եվրոպայի մասին» խորագրով:
«Գրական ճեպընթաց-2000» ծրագրի ավարտին Բեռլինում մասնակից երկրների գործընկեր-կազմակերպությունների միջեւ կնքվեց պայմանագիրՙ «Միջազգային գրական կապ» պայմանական անվանումով կազմակերպության հիմնադրման մասին: Այդ համագործակցության շրջանակներում ընդունվեցին հայկական կողմի «Գրական տապան-2001» եւ լեհականիՙ «Թատրոն-2002» ծրագրերը:
Եվ ահա իրականացվել է եվրոպական երկրների գրողների այցը Հայաստան: Հոկտեմբերի 2-14-ը հայ գրողների արտասահմանցի գործընկերները հնարավորություն կունենան առավելագույնս լավ ճանաչել մեր երկիրը, կհայտնաբերեն Հայաստանըՙ որպես նոր կենսափորձ իրենց համար: Եվրոպացի գրողներին հնարավորություն կտրվի ծանոթանալ հայ հին ու նոր մշակույթին, ժամանակակից գրական կյանքինՙ հետագայում այդ ամենը Հայաստանին նվիրված ստեղծագործություններում արտացոլելու նպատակով:
Ի ցավ մեզ պետք է ասել, որ Եվրոպան դեռեւս լավ ծանոթ չէ հայկական գրականությանը: «Գրական տապան-2001» ծրագիրը թույլ կտա աջակցել գրականությունների փոխադարձ ներթափանցմանը: Այս ծրագիրը գալու է լրացնելու նաեւ այս բացը: Հասկանալի պատճառով գաղափարական հակասություններ են առաջացել տարբեր երկրների գրողների միջեւ: Ու հենց այս հակասությունները հարթելու, ընդհանուր եզրահանգումների հասնելու հնարավորություն է ստեղծված:
«Արդյոք գիտության նվաճումներն ուղղակիորեն կամ անուղղակի չե՞ն վտանգում քաղաքակրթության գոյությունը», «Արվեստագետները եւ գիտնականներըՙ որպես քաղաքակիրթ աշխարհի երաշխավորներ», «Ի՞նչ կերպար ունի Եվրոպան նոր դարում», «Գրավոր եւ հանդիսանքային արվեստների ներդաշնակությունները եւ հակասությունները», «Հասարակությունը խորթանո՞ւմ է արդյոք արվեստներից»... Ահա հարցերի եւ թեմաների ոչ լրիվ շրջանակը, որոնք քննարկվելու են «Գրական տապան-2001» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի կազմակերպիչն է արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի եւ համագործակցության հայկական ընկերությունըՙ նրա կազմում գործող հայ-գերմանական ընկերության աջակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրումի «Արվեստ եւ մշակույթ» ցանցային ծրագրի եւ «Արսօյլ» ընկերության հովանավորությամբ:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ