Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի կանանց առաջնության 6-րդ տուրում առանձնակի հետաքրքրություն էին ներկայացնում Սահակյան-Անդրեասյան եւ Գալոյան-Աղինյան պարտիաները: Սեւ խաղաքարերով խաղացող Սիրանույշ Անդրեասյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Նոնա Սահակյանի հետ մրցախաղում: Դա առաջատարի 2-րդ անընդմեջ ոչ-ոքին էր չորս հաղթանակներից հետո:
Հաջող խաղ է ցուցադրում Լիլիթ Գալոյանը, որը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, այս անգամՙ միջազգային վարպետ Նելլի Աղինյանի նկատմամբ: Վերջինս մրցաշարում անդրանիկ պարտությունը կրեց: Իսկ ահա Նաիրա Հայրապետյանին վերջապես հաջողվեց 5 անընդմեջ պարտություններից հետո առաջին անգամ ճաշակել հաղթանակի քաղցրությունը: Նրա մրցակիցը Հերմինե Մխիթարյանն էր, որը եւս անհաջող է հանդես գալիսՙ իր հաշվին գրանցելով միայն կես միավոր:
Նոր հաղթանակ տոնեց միջազգային վարպետ Գոհար Հլղաթյանը, որը պարտության մատնեց Նարինե Դումանյանին: Դարբինյան-Գասպարյան պարտիայում հաջողությունն ուղեկցեց սեւերին:
Եվ այսպես, կայացած 6 տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է. առաջատարներն են Գոհար Հլղաթյանն ու Սիրանույշ Անդրեասյանը, որոնք վաստակել են 5-ական միավոր: Նրանցից կես միավոր պակաս ունի Լիլիթ Գալոյանը: Մյուս մասնակիցների ցուցանիշներն այսպիսին են. Նոնա Սահակյան, Նարինե Գասպարյանՙ 4-ական միավոր, Նելլի Աղինյանՙ 3,5, Նարինե Դումանյանՙ 1,5, Նաիրա Հայրապետյան, Անի Դարբինյանՙ 1-ական, Հերմինե Մխիթարյանՙ 0,5: