«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2001-09-29 | #177, 2001-10-02 | #178, 2001-10-03


ՌԱՖԱՅԵԼ ԳԱԼՍՏՅԱՆՆ «ԱՐԱՐԱՏԻ» ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ

Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել 80-ական թթ. թիմի նախկին խաղացող Ռաֆայել Գալստյանը, որն այդ պաշտոնում կփոխարինի Արկադի Անդրեասյանին: Վերջինս այսուհետ կկատարի միայն ակումբի նախագահի պարտականությունները: Վերջին տարիներին Արկադի Անդրեասյանը համատեղում էր ակումբի նախագահի եւ թիմի գլխավոր մարզչի բարդ ու հոգսաշատ աշխատանքը, որի հետեւանքով մեծ ծանրաբեռնվածության տակ էր գտնվում:

Ակումբի ղեկավար կազմում այլ փոփոխություններ էլ են տեղի ունեցել: Ակումբի գործադիր տնօրեն է նշանակվել Ժորա Մուրադյանը, մարզիչՙ Աշոտ Հարությունյանը:

Ռաֆայել Գալստյանին ֆուտբոլասերներին ներկայացնելու առանձնակի հարկ չկա: Նա 1981-1987 թթ. հանդես է եկել «Արարատում», իր հուսալի խաղով աչքի ընկել թիմի պաշտպանողական օղակում: ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնություններում Գալստյանն անցկացրել է 174 խաղ, խփել 18 գնդակ: Նա հիանալի էր իրացնում 11 մ հարվածները:

Ռաֆայել Գալստյանը նաեւ մարզչական աշխատանքի բավական մեծ փորձ ունի: Վերջին 3 տարիներին նա հաջողությամբ է աշխատել «Զվարթնոցում», «Քասախում» ու «Արմենիկումում» եւ իր մեծ ներդրումն է ունեցել այդ թիմերը բարձրագույն խումբ տեղափոխելու գործում: Համոզված ենք, որ Ռաֆայել Գալստյանն «Արարատում» էլ կդրսեւորվի որպես բանիմաց մարզիչ:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում սա բարձրագույն խմբի թիմերում գլխավոր մարզչի 5-րդ փոփոխությունն է: Առաջին փոփոխությունը կատարվեց «Փյունիկում» մրցաշրջանի մեկնարկում, երբ գլխավոր մարզչի պաշտոնում Լեւոն Յաբլուկյանին փոխարինեց Սամվել Դարբինյանը: Այնուհետեւ փոխվեցին գլխավոր մարզիչները «Միկայում» (Էդուարդ Մարգարովին փոխարինեց Սամվել Պետրոսյանը) եւ «Լեռնագործում» (Գառնիկ Ասատրյանի հրաժարականից հետո թիմի ղեկը ստանձնեց Արսեն Չիլինգարյանը): Դրանից հետո հետեւեց Վարուժան Սուքիասյանի հրաժարականը, եւ «Սպարտակի» գլխավոր մարզիչ նշանակվեց Հովհաննես Զանազանյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4