Հոկտեմբերի 5-ին Աբովյանում կկայանա Հայաստան-Նորվեգիա ընտրական վերջին հանդիպումը
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը երկուշաբթի օրվանից սկսեց նախապատրաստությունը հոկտեմբերի 5-ին Աբովյանում Նորվեգիայի իր հասակակիցների հետ կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական վերջին մրցախաղին: Արարատում անցկացվող ուսումնամարզական հավաքին հավաքականի մարզիչներ Անդրանիկ Ադամյանը, Արմեն Գյուլբուդաղյանցն ու Արամայիս Տոնոյանը հրավիրել են 21 ֆուտբոլիստի: Բացառությամբ մի քանի նորեկների, մյուս բոլոր ֆուտբոլիստներն ընտրական մրցաշարի հանդիպումներում թրծված խաղացողներ են: Նրանք իրենց լավագույն կողմերով դրսեւորեցին այս տարվա ընտրական մրցախաղերում, երբ հավաքականի ղեկը վստահվեց հմուտ ու բանիմաց մարզիչ Անդրանիկ Ադամյանին: Վերջինիս իր գործընկերների հետ հաջողվեց ստեղծել մարտունակ ֆուտբոլային կոլեկտիվ, ունակ լուծելու բարդ խնդիրներ: Արդյունքն առկա է. Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ երիտասարդական հավաքականը 6 խաղում վաստակեց 11 միավորՙ տոնելով 3 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի եւ կրելով միայն մեկ պարտությունՙ գնդակների 6-3 տարբերությամբ: Եվ եթե մինչ այդ անցկացրած 3 խաղերում մեր հավաքականն անհաջող հանդես չգարՙ պարտվելով բոլոր հանդիպումներում, ապա այսօր հավաքականը կարող էր պայքարել նույնիսկ եզրափակիչի ուղեգրի համար: Ճիշտ է, եղավ մի պահ, որ հայ ֆուտբոլիստները դեռեւս հնարավորություն ունեին պայքարը շարունակել 2-րդ հորիզոնականը զբաղեցնելու համար, սակայն արտագնա վերջին երկու հանդիպումներում (Ուելսի եւ Ուկրաինայի հավաքականների հետ) միավորների ցավալի կորուստներ ունեցան եւ զրկվեցին այդ հնարավորությունից: Սակայն ամեն դեպքում մեր թիմն արժանի է դրվատանքի: Կարեւորն այն է, որ արդեն ձեւավորվել է խաղային սեփական ձեռագիրը, հավաքականում ի հայտ են եկել շնորհալի երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք մոտ ապագայում կարող են համալրել ազգային հավաքականի կազմը:
Թերեւս մարզական առումով նորվեգացիների հետ հանդիպումը մեր ընտրանու համար էական նշանակություն չունի, սակայն հաղթանակի դեպքում հնարավոր է գրավել 4-րդ տեղը: Իսկ ահա նորվեգացիների համար Աբովյանում կայանալիք խաղը վճռորոշ նշանակություն ունի եզրափակիչի ուղեգրերի համար պայքարում: Դրանում կարող են ֆուտբոլասերները համոզվելՙ ծանոթանալով ընտրական 5-րդ խմբի մրցաշարային իրավիճակին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին կկայանան նաեւ Լեհաստան-Ուկրաինա եւ Ուելս-Բելառուս հանդիպումները:
Եվ այսպես, Հայաստան-Նորվեգիա հանդիպմանը նախապատրաստվում են հետեւյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներՙ Նիկոլայ Սարգսյան («Դինամո»), Ֆելիքս Հակոբյան («Միկա»):
Պաշտպաններՙ Արսեն Սիմոնյան («Միկա»), Աշոտ Գրիգորյան («Սպարտակ»), Ալեքսանդր Թադեւոսյան («Արարատ»), Արտակ Գրիգորյան («Շիրակ»), Արսեն Մելոյան («Փյունիկ»), Հովհաննես Հարությունյան («Զվարթնոց»):
Կիսապաշտպաններՙ Սերգեյ Էրզրումյան («Կիլիկիա»), Կարեն Ալեքսանյան, Երվանդ Հակոբյան (երկուսն էլՙ «Շիրակ»), Եղիշե Մելիքյան, Կարեն Նավոյան (երկուսն էլՙ «Բանանց»), Կարեն Մուրադյան, Դավիթ Գրիգորյան, Կարեն Եղիազարյան (բոլորն էլՙ «Միկա»):
Հարձակվողներՙ Արա Հակոբյան («Մետալուրգ», Դոնեցկ), Նշան Էրզրումյան («Կիլիկիա»), Գալուստ Պետրոսյան («Դինամո»), Արամ Հակոբյան («Սպարտակ»), Կարեն Խաչատրյան («Շիրակ»):
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Նորվեգիայի երիտասարդական հավաքականների միջեւ առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2000 թ. սեպտեմբերի 1-ին: Մեր ֆուտբոլիստները հյուրընկալվելիս 1-5 հաշվով զիջեցին մրցակցին: Միակ գոլի հեղինակը Սերգեյ Էրզրումյանն էր: Ահա անցկացրած մյուս հանդիպումների համառոտ վիճակագրությունը.
Հայաստան-Ուկրաինաՙ 1-2
Գոլըՙ Արա Հակոբյան
Բելառուս-Հայաստանՙ 5-0
Հայաստան-Ուելսՙ 1-0
Գոլըՙ Արամ Հակոբյան
Լեհաստան-Հայաստանՙ 1-1
Գոլըՙ Արա Հակոբյան
Հայաստան-Բելառուսՙ 1-0
Գոլըՙ Սերգեյ Էրզրումյան
Հայաստան-Լեհաստանՙ 2-0
Գոլերըՙ Կարեն Ալեքսանյան, Հայկ Հակոբյան
Ուելս-Հայաստանՙ 1-1
Գոլըՙ Նշան Էրզրումյան
Ուկրաինա-Հայաստանՙ 1-0