ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ՀՀ բնական եւ հասարակական գիտությունների ակադեմիայի հրավերով այսօր Երեւան ժամանեցին ՌԴ պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը, Անդրեյ Ֆիլատովը, Յուրի Սոկոլը եւ Անդրանիկ Ամասյանը:
Վաղը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա բնական եւ հասարակական գիտությունների ակադեմիայի եւ ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի միացյալ ժողովը: «Զվարթնոց» օդանավակայանում Ա.Միտրոֆանովը նշեց, որ միացյալ ժողովում հանդես կգա «Ժամանակակից աշխարհաքաղաքականության քայլերը» թեմայով զեկուցմամբ:
«Միր տիեզարակայանի 15 տարվա գործունեության արդյունքները» թեմայով զեկուցմամբ հանդես կգա ԽՍՀՄ հերոս, տիեզերագնաց-օդաչու Անատոլի Սոլովյովը, որը կպարգեւատրվի նաեւ Վ. Վերնարսկու անվան արծաթե շքանշանով: Նա Հայաստան է ժամանել ՌԴ պետդումայի պատգամավորներից շուտ:
Ըստ ՀՀ բնական եւ հասարակական գիտությունների ակադեմիայի նախագահ Ռաֆայել Մելիք-Օհանջանյանի, Ա.Միտրոֆանովը կընտրվի բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ:
Այցի ընթացքում հյուրերը հանդիպումներ կունենան Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ԱԺ պատգամավորների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ռուսաստանցի հյուրերը կայցելեն Մատենադարան, Ծիծեռնակաբերդ, Սարդարապատ: Երեւանից նրանք կմեկնեն հոկտեմբերի 8-ին: