Դատավարությունն ընդմիջվեց 1 շաբաթով
«Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանի դատապաշտպան Արտավազդ Կարապետյանի մահվան պատճառով, ինչպես արդեն տեղեկացրել ենք, երկուշաբթի օրվա դատական նիստը տեղի չունեցավ: Երեկվա դատական նիստը եւս կարճատեւ էր: Դատավորը տեղեկացրեց միայն, որ ամբաստանյալի շահերն այսուհետ պաշտպանելու է Հակոբ Թեւոսյանը, որը եւս նշանակվել է պետական կարգով: Հունանյանը դիմեց դատարանինՙ նիստից հետո տեսակցություն խնդրելով իր նորանշանակ պաշտպանի հետ, ինչին դատավորը դրական պատասխանեց: Փաստաբան Տիգրան Ջանոյանի առաջարկությամբՙ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանգուցյալ Ա. Կարապետյանի հիշատակը:
Ինչ վերաբերում է Հ. Թեւոսյանին, ապա նա դատարանից 10 օր ժամանակ խնդրեցՙ գործի նյութերին ծանոթանալու համար: Դատավոր Ս. Ուզունյանը բավարարեց նրա խնդրանքըՙ մեկշաբաթյա ընդմիջում հայտարարելով: Դատավարությունը կշարունակվի հոկտեմբերի 10-ին:
Ա. Բ.