«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2001-10-02 | #178, 2001-10-03 | #179, 2001-10-04


«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ԳՈՐԾՈՎ ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՍԵԼԻՔ... ՉՈՒՆԻ

Հանձնաժողովը թերացել է օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով

«Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը նախորդ եռօրյայի ընթացքում հետաձգեց իր կատարած աշխատանքի հաշվետվությունըՙ դրանով իսկ արձանագրելով, որ դեռ պատրաստ չէ էական բացահայտումների մասին հանդես գալու:

Երբ ստեղծվում էր հանձնաժողովը, ամենաբուռն շահագրգիռներն այդ հարցում ստիպեցին խորհրդարանին հանձնաժողովի գործունեության շրջանակները սահմանելիս շեշտը դնել ոճրագործներին պահպանող իրավապահների գործունեությանը: Խնդիրը շատ պարզ էր. ցույց տալ, որ իրավապահների միջոցով իշխանությունները խոչընդոտել են գործի բացահայտմանը, իսկ իրենք, որպես արդարության ջատագովներ, փաստացի կարող են դա ապացուցել:

Հանձնաժողովի ստեղծման պահից կես տարի է արդեն անցել, մինչդեռ իրավախախտման էական որեւէ դեպք հանձնաժողովը չի հայտնաբերել: Փոխարենը մեկուսարաններ կատարած այցերից ու հանգամանքների տարօրինակ դասավորությունների շուրջ տրամաբանությամբ ընդամենը եզրակացություններ են արվել, թե նախաքննության այս կամ այն հանգրվանը խիստ կասկածելի է:

Որպես վառ ապացույցՙ հաղորդման տեքստի մեջ ասվում է, թե «հանձնաժողովը ներկայացված փաստերի ուսումնասիրությունից պարզել է, որ մեկուսարանում մեղադրյալների եւ ամբաստանյալների պահպանությունն իրականացվել է գործող իրավական ակտերին համապատասխան.»: Ասել է թեՙ հանձնաժողովի ստեղծման ջատագովների հույսերն այդպես էլ չարդարացան, հանձնաժողովը մեղավորներ չհայտնաբերեց: Ավելինՙ եթե ուշադիր լինենք, իրենց իսկ պահանջով ստեղծված հանձնաժողովն իր գործունեությամբ անգամ ճիշտ հակառակին հանգեց: Որոշ փաստեր, գործով մեղադրված եւ նախաքննության ընթացքից ազատ արձակված առանձին մարդկանց ներկայացրած տեղեկություններ վկայում են, որ ստիպողաբար իրենցից փորձել են այնպիսի ցուցմունքներ կորզել, որոնք վկայեին իշխանությունների եւ հատկապես նախագահի կողմից հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպումը:

Այնուամենայնիվ, հանձնաժողովը հաղորդման տեքստ ըստ էության չունի, ավելի ճիշտՙ չի կարող բավարարել խորհրդարանի սպասելիքները: Հանձնաժողովի ստեղծման ժամանակ դրա ընդդիմադիրները գտնում էին, թե իրավապահների կողմից իրավախախտման դեպքեր զուտ փաստաթղթային ձեւակերպումների առումով գրեթե անհնար է հայտնաբերելը: Եվ չնայած դրան, հանձնաժողովի առջեւ խնդիր դրվեց հենց փաստաթղթերը, մեղադրյալների մեկուսարաններից մեկուսարաններ տեղափոխման, հարցաքննությունների տանել-բերելու փաստաթղթային ձեւակերպումները ստուգման ենթարկելը, ինչպես նաեւ մեկուսարաններ այցելությունները: Պարզ էր, որ այս եղանակով ոչինչ հայտնաբերվել չէր կարող: Այլ կլիներ իրավիճակը, եթե ի սկզբանե հանձնաժողովն իր ողջ պոտենցիալն ուղղեր այդ փաստաթղթերիՙ իրական փաստերի վրա կազմված լինելը ստուգելուն, որտեղ իսկապես կարող էին կամայականություններ լինել: Եվ քանի որ դրանց հայտնաբերումը եւս դժվար եւ երկարատեւ աշխատանք էր պահանջում, այս ժամկետները եւս բավարար չէին կարող լինել հանձնաժողովի համար:

Ֆորմալ առումով ամեն ինչ «մաքուր» հայտնաբերելուց հետո հանձնաժողովն իր ուշադրությունը սեւեռեց փաստաթղթերի իրական հիմքերը ստուգելուն, սակայն այս կարճ ժամանակահատվածը չէր կարող նման ծանր աշխատանքի համար բավարար լինել: Հանձնաժողովին միայն հաջողվեց բացահայտել, որ գործով մեղադրյալ եւ նախաքննության ընթացքում մահացած Նորայր Եղիազարյանի մահը խիստ կասկածելի հանգամանքներում է տեղի ունեցել, եւ նրա մասով նոր նախաքննություն պետք է իրականացվի: Նշենք, սակայն, որ այս դիրքորոշման կրողները հանձնաժողովում այն մարդիկ են, ովքեր լրջորեն աշխատել են Եղիազարյանի մասով: Մյուսներն ընդհանրապես ծանոթ էլ չեն այն մեկուսարանի պայմաններին, որտեղ եղել եւ մահացել է Եղիազարյանը: Սակայն դա չէր խանգարում վերջիններիս խիստ «հիմնավորված տարակուսելու» մահվան հանգամանքների կապակցությամբ:

Հանձնաժողովն իր ուշադրության առանցքում էր պահում նաեւ Նաիրի Բադալյանի տված ցուցմունքները եւ ազատ արձակումից հետո նրա հայտարարություններըՙ ցուցմունքներ կորզելու նպատակով մեկուսարանում իրեն կտտանքների ենթարկելու մասին: Եզրակացնելով Բադալյանի հայտարարություններին եւ դրանց շուրջ այլ աղբյուրների հիմնավորված ու չհիմնավորված տեսակետներին հանձնաժողովի ուշադրությունից, ստացվում է, թե դրանում ընդգրկված պատգամավորների մի մասը զուտ արձանագրողի դերում է: Մասնավորապես հանձնաժողովի նախավերջին նիստի ընթացքում Նաիրի Բադալյանի ներկայացրած փաստերը հանձնաժողովը որոշեց լուրջ ուսումնասիրությունների ենթարկել, չնայած այլ առանձին պատգամավորների ներկայացրած փորձագետները կատարել էին նման ուսումնասիրություն եւ Բադալյանի ու մի քանի վկաների տված ցուցմունքներում հակասություններ հայտնաբերել: Իսկ վերջին նիստի ընթացքում լսվում է լրագրող Վահագն Ղուկասյանի դիմումը, որով վերջինս փորձում է հիմնավորել այն, ինչ փաստորեն արդեն հայտնաբերել են փորձագետները: Ավելինՙ հանձնաժողովը մտադիր է լրագրողի դիմումը եւս ուսումնասիրել: Անկախ գործում ներգրավվածների ներկայացրած փաստարկներից, որոնց հանձնաժողովը պարտավոր է ուշադրություն դարձնել, հանձնաժողովն իր սեփական քննությունը պետք է անցկացներՙ անկախ, օբյեկտիվ եզրակացության հանգելու համար եւ հիմնվեր դրանց վրա:

Սակայն այդ հանձնաժողովի որոշ պատգամավորների համար օբյեկտիվություն է համարվում այն, որ կարող են օրենքով սահմանված իրենց պարտականություններն արհամարհել միայն այն պատճառով, որ հանձնաժողով եկող որոշ քաղաքացիների (տվյալ դեպքումՙ Նաիրի Բադալյանի) ներկայացրած փաստարկները կարող են իրենց համար ընդունելի չլինել: Այնպես, ինչպես ժամանակին իրենց համար խիստ սկզբունքային հարց էր հանձնաժողովի նախագահի ով լինելը, որն այդքան թմբկահարում էին ՀԺԿ-ականները:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4