«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2001-10-02 | #178, 2001-10-03 | #179, 2001-10-04


ՊԱՂԵՍՏԻՆԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԿԱԽՎԱԾ Է ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԻՑ

Վաշինգտոնը չի՞ ցանկանում իշխանությունից հեռացնել Թալիբանին

ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը պատասխանելով «Նյու Յորք թայմսի» այն հարցին, թե վարչակազմը ե՞րբ է ճանաչելու Պաղեստինի անկախությունը, ասել է, որ դա «կախված է Աֆղանստանում իրադարձությունների զարգացումից»: Հոկտեմբերի 3-ի համարում «Նյու Յորք թայմսն» առաջնորդող հոդվածում հիշեցնում է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը հետաձգեց Վաշինգտոնի մտադրությունըՙ ճանաչել Պաղեստինի անկախությունը, ընդ որում Ք. Փաուելը ՄԱԿ-ի ամբիոնից իր ելույթում պետք է մանրամասներ, թե ինչպես է լուծվելու պաղեստինա-իսրայելական երկարամյա զինված հակամարտությունը, մասնավորապեսՙ նոր պետության սահմանները, փախստականների վերադարձի խնդիրը եւ ամենակնճռոտ հարցըՙ Երուսաղեմի ապագա կարգավիճակը:

Երեկ եւ այսօր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում շարունակվող հակաահաբեկչական քննարկումների ընթացքում արաբական երկրների պատվիրակները դատապարտեցին սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, իրենց աջակցությունը հայտնեցին ԱՄՆ-ին ահաբեկչության դեմ պայքարում, միաժամանակ Վաշինգտոնին հասկացրին, որ ահաբեկչության դեմ անիմաստ է պայքարել երկակի ստանդարտներով: Արաբական պետությունների կարծիքով Միջին Արեւելքում այն, ինչ անում է ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելը, եւս ահաբեկչություն է:

Մինչեւ այսօր Վաշինգտոնը հստակորեն չի արտահայտվել, որ իր նպատակն Աֆղանստանում իշխանությունից Թալիբանի հեռացումն է: Պետքարտուղար Ք. Փաուելը «Նյու Յորք թայմսին» տված հարցազրույցում ասում է, որ առաջնայինն ահաբեկչության մեջ կասկածվող Ուսամա բեն Լադենին եւ նրա «Ալ Ղաիդա» կազմակերպության ոչնչացումն է: Ուշադրությամբ հետեւելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներին եւ հայտարարություններին, այն տպավորությունն է ստեղծվում, թե Վաշինգտոնը չի ցանկանում իշխանությունից հեռացնել Թալիբանին, այլՙ բերել իր վերահսկողության տակ: Չպետք է բացառել անգամ, որ բեն Լադենին ստանալու դեպքում ԱՄՆ-ը կճանաչի Թալիբանի իշխանությունը:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Նյու Յորք


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4