Շուտով աշխատանքը կսկսի նաեւ Գյումրիի մանվածքային ֆաբրիկան
Ինչպես տեղեկացրել էինք նախօրեին, «Նաիրիտի» շուրջ կատարվող իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Աշոտ Շահնազարյանը հանդիպել էր մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Սակայն բնական է, որ արդյունաբերության ոլորտը համակարգող փոխնախարարին պետք է ուղղվեին նաեւ այլՙ «Նաիրիտին» չառնչվող հարցեր: Դրանցից մեկիՙ «Դողագործի» սեփականաշնորհման պայմանագրին առնչվող հարցին նա պատասխանեց, որ պայմանագիրը կկնքվի մոտակա օրերին: Պարզվում է, այստեղ խոչընդոտներ գոյություն ունեն: «Դողագործի» դեմ դեռեւս 1997-98 թթ.-ից դատական հարցեր ունեն մի քանի կազմակերպություններ, նրա գույքը կալանքի տակ է: Այժմ այդ խոչընդոտների վերացման աշխատանքներ են տարվում:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ Հայաստանի քիմիական արդյունաբերությունը ներկայացնող Վանաձորի թեւըՙ «Պրոմեթեւս-քիմպրոմը», արդեն աշխատում է ըստ նախատեսված գրաֆիկի եւ ակնկալվում է այս ամիս մելամին ստանալ:
Թեթեւ արդյունաբերության մոտակա ժամանակների ամենակարեւոր նորությունը կլինի Գյումրիի մանվածքային ֆաբրիկայի գործունեության սկիզբը: Աշոտ Շահնազարյանն ավելացրեց, որ Հայաստանի ցանքատարածություններում ցանված բամբակի «լավ բերք ունենք»: Սպասվում է մոտ 200 տոննա բամբակ, որից 30 տոննան արդեն ստացվել է:
Ա. Մ.