Երեւանի քաղաքապետ մեծարգո Ռ. Նազարյանին
Հարգելի քաղաքապետ, մեր ժողովրդի այսօրվա ծանր սոցիալական վիճակը թերեւս թույլ չի տալիս մեզ մոռանալ մեր այն ազգանվիրյալներին, որոնք իրենց գործունեությամբ նպաստել են ազգի բարեկեցության, առողջապահության, մշակույթի, քաղաքաշինության, արվեստի, գիտության եւ այլ բնագավառների զարգացմանը:
Ցավոք, եթե այդ մարդկանց անունները հիշվում են, ապա միայն նրանց ծննդյան կամ մահվան տարելիցների առթիվ կամ դեպքից դեպք:
Մեր երիտասարդության մեծ մասը չի ճանաչում հայ մեծ բարերարներինՙ Մանթաշյանցին, Արամյանցին, Նուբար փաշային, Գյուլբենկյանին, Ալեք Մանուկյանին, Լուիզ Սիմոն-Մանուկյանին եւ այլոց, որոնք իրենց համառ, երկարատեւ եւ քրտնաջան աշխատանքով վաստակած եկամուտների զգալի մասը ներդրել են երիտասարդության ուսման, կրթության եւ դաստիարակության գործին, հայրենիքի եւ հայ եկեղեցու շենացմանը:
Այս մարդիկ հիրավի արժանի են, որպեսզի իրենց արձանները կամ կիսանդրիները դրվեն Երեւանում եւ հանրապետության մյուս քաղաքներում:
Ըստ իս, այդ ազգանվիրյալների կիսանդրիները պետք է տեղադրվեն Երեւանի կենտրոնական պուրակներից մեկումՙ անվանելով «Հայ մեծ բարերարների հիշատակի ծառուղի», որպեսզի մեր ժողովուրդը տարին գոնե մեկ անգամՙ Երեւանի քաղաքապետարանի հայտարարած բարեգործության օրը գա եւ իր հարգանքի տուրքը մատուցի մեր մեծերին, որոնք իրենց գործունեությամբ հավերժացրել են իրենց անունները հայ ժողովրդի պատմության մեջ:
Փառք ու պատիվ այսօրվա այն երիտասարդներին, ովքեր կշարունակեն այդ մեծ գործը, իրենց ազգանվեր, ազգապահպան գործունեությամբ ժամանակի ընթացքում իրենց արժանի տեղը կգտնեն հայ մեծ բարերարների փառքի ծառուղումՙ մեր երջանկահիշատակ մեծերի կողքին:
ԿԱՌԼԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ