«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2001-10-02 | #178, 2001-10-03 | #179, 2001-10-04


ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՙ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՏԱՌ ԹՈՒՐՔԵՐԵՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Օսմանյան կայսրության բռնատիրության 500 տարիներին, որքան էլ վայրագ ու տեւական էր թուրքական իշխանությունների հայատյաց քաղաքականությունը, այնուամենայիվ, հայերն ամենամռայլ ժամանակներում էլ չեն կորցրել իրենց ազգային հոգեւոր-մշակութային դիմագիծըՙ ստեղծելով բազում մնայուն արժեքներ արվեստի, գիտության, գրականության եւ այլ բնագավառներում: Այդ արժեքներից է հայ մշակույթի անքակտելի մաս կազմող հայատառ թուրքերեն գրականությունը, որը ստեղծվել է իբրեւ ինքնապահպանման եւ ուծացման դեմ պայքարի ինքնատիպ միջոց: Ազգային բնույթն ու նկարագիրը պահպանած այս գրականությունըՙ ստեղծված սեփական լեզուն կորցրած, սակայն քրիստոնեական հավատամքը պահպանած հայ ժողովրդի մի հատվածի համար, նպատակ ուներ թուրքախոս հայերին հաղորդակից դարձնելու ազգային զարթոնքին եւ մշակութային վերելքին: Հայատառ թուրքերեն գրականության երկուՙ ձեռագիր եւ տպագիր շրջաններում (շուրջ 600 տարի) գրվել ու տպագրվել են բովանդակությամբ հարուստ, թեմատիկ առումով ամենատարբեր, բազմաժանր, գիտական, կրոնադավանաբանական, գեղարվեստական, բարոյախոսական բնույթի արժեքավոր բազմաթիվ գրքեր: Թե հայատառ թուրքերեն գրականությունը, թե մամուլը (54 անուն) ունեցել են հատկապես հայ ժողովրդի ազգային, մշակութային, հասարակական-քաղաքական կյանքը համախմբելու առաքելություն:

Երեւանի պետական համալսարանի հրատարակչության վերջերս լույս ընծայած Հասմիկ Ստեփանյանի «Հայատառ թուրքերեն գրականությունը» գիրքը նվիրված է վերոհիշյալ հարցերին, հայատառ թուրքերենով ինքնուրույն եւ թարգմանական գրականության ուսումնասիրությանը: Հեղինակը հանգամանորեն ուսումնասիրել է հայատառ թուրքերենով գրականության սկզբնավորման ձեռագիր եւ տպագիր շրջանները (XV-XIX դդ.), գեղարվեստական, պատմական, ուսումնական, գիտահանրամատչելի գրականությունը, դրամատուրգիան, տվել այս բոլոր հրատարակությունների ընդհանուր բնութագիրը, վերլուծել այդ գրականության անկման պատճառները, անդրադարձել նաեւ Թուրքիայի սահմաններից դուրս XX դարի հայատառ թուրքերեն հրատարակություններին:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4