Նախագահ Ռ. Քոչարյանի հանդիպումը ԱԱՆ ղեկավարության հետ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն երեկ այցելել է Ազգային անվտանգության նախարարություն եւ հանդիպում ունեցել ղեկավար կազմի հետ, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 10-րդ տարեդարձի առթիվ նախագահ Ռոբերտ Քոչարյանի սեպտեմբերի 20-ի հրամանագրով ազգային անվտանգության նախարարության մի խումբ ծառայողներ պարգեւատրվել են Մարտական ծառայության մեդալով: Հանդիպման ընթացքում հանրապետության նախագահը նրանց հանձնելով պարգեւը, ծառայության մեջ մաղթել է նորանոր հաջողություններ:
Իր ելույթում նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է համակարգի առջեւ ծառացած հիմնական խնդիրներին: Նա առաջնահերթ է համարել ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարը: Ռոբերտ Քոչարյանի խոսքով, ԱՄՆ-ի եւ Շվեյցարիայի իրադարձությունները ցույց տվեցին, որ նույնիսկ ամենազարգացած եւ բարեկեցիկ երկրներն ապահովագրված չեն ահաբեկչության չարիքից: Ըստ նախագահի, անհրաժեշտ է իսկապես ճիշտ գնահատել իրավիճակը, լուրջ քննարկել եւ գործել դրանից ելնելով:
Խոսելով երկրի տնտեսական իրավիճակի մասին, նախագահն ասել է, որ այս տարվա ութ ամսվա կտրվածքով տնտեսական աճը կազմել է 7,7 տոկոս, ինչը բավականին խոստումնալից է: Նրա խոսքով, տնտեսական ցուցանիշները սերտորեն կապված են ներքաղաքական իրավիճակի հետ: Կայունությունը դիտելով տնտեսության զարգացման գլխավոր նախապայման, երկրի ղեկավարը շեշտել է, որ կայունության խափանմանն ուղղված ցանկացած փորձ առաջին հերթին հարված է բիզնեսին, հետեւաբար նաեւՙ յուրաքանչյուր քաղաքացու գրպանին: Նա մերժելի է համարել հեղափոխականությունըՙ կարեւորելով քաղաքական ուժերի պատասխանատվությունը երկրի ապագայի ու ժողովրդի նկատմամբ:
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է նաեւ պետական կառավարման համակարգին: Նա ասել է, որ պետական կառույցների աշխատանքի արդյունավետության բարձրացումը շարունակում է մնալ առաջնահերթ խնդիր: Նախագահը կարեւորել է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը: