«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2001-10-03 | #179, 2001-10-04 | #180, 2001-10-05


«ՄԵՆՔ ԴԱՏ ԿՍԿՍԵՆՔ ԱՐՄԵՆՏԵԼԻ ԴԵՄ»

Հայտարարեց տրանսպորտի եւ կապի նախարարը

Երեկ կառավարության նիստի ընդմիջմանը տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին րոպեավճարի ներդրմանը եւ այդ առնչությամբ կառավարության ձեռնարկելիք քայլերին:

- Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու, եթե Արմենտելը, այնուամենայնիվ, հեռախոսային խոսակցությունների հաշիվներ ուղարկի բաժանորդներին:

- Կրկնում եմՙ րոպեավճար չի կիրառվելու: Ամեն ինչ արվել եւ արվում է դրա համար: Եթե Արմենտելը հաշիվներ ուղարկի, թող չվճարեն, եթե հեռախոսն անջատի, թող մեզ տեղեկացնեն: Մենք դատական գործընթաց կսկսենք Արմենտելի դեմ: Ես դա հայտարարում եմ որպես տրանսպորտի եւ կապի նախարար: Գտնում եմ նաեւ, որ ԱԺ-ի որոշման անհրաժեշտություն չկա: Կան համապատասխան հիմքեր, որոնց շրջանակներում կառավարությունը կարող է քայլեր ձեռնարկել: Եթե չկարողանանք, կդիմենք ԱԺ-ին:

- Դուք տեղյա՞կ եք Արշակ Սադոյանի հայտարարությանը, որ Արմենտելի շուրջ արդեն գաղտնի գործարք է կայացել:

- Լսել եմ եւ շատ զարմացել: Եթե նա գիտի, թե կոնկրետ ովքեր են մութ գործարքի մեջ մտել, թող անունները տա: Համենայն դեպս, ես չեմ հավատում, որ նման բան կա եւ կարծում եմ, որ Արշակ Սադոյանը ճիշտ չի ասում:

- Արմենտելի ներդրումային պարտավորությունները ստուգող կառավարական հանձնաժողովի աշխատանքներն ի՞նչ ընթացքում են:

- Գրեթե ավարտվել է աշխատանքը: Ուրբաթ նախատեսված է հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվեն արդյունքները, եւ կտեղեկացնենք ձեզ: Նախապես կարող եմ ասել, որ մենք ունենք դրական արդյունք:

- Որչա՞փ են փոխվել Արմենտելի ներկայացրած ինտերնետ եւ բջջային կապի սակագները:

- Դրանք քննարկվել են սեպտեմբերի 27-ի տնօրենների խորհրդի նիստում: Նրանք մեզ ուղարկել են նոր սակագները: Երեկ ենք դրանք ստացել: Մեկ ամիս ժամանակ ունենք, կքննարկենք, կպատասխանենք: Հիմա լավ չեմ հիշում, թե որքան են փոխվել: Կարծես թե այդքան էլ շատ չեն:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4