«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2001-10-03 | #179, 2001-10-04 | #180, 2001-10-05


ՕԴԱՅԻՆ ԱՂԵՏ ՍԵՎ ԾՈՎԻ ՎԵՐԵՎՈՒՄ

Մեղավոր են ուկրաինական հրթիռնե՞րը

Հայ օդաչուն տեսել է ռուսական օդանավի պայթյունը օդումՙ նախքան ջախջախվելը

Երեկ կեսօրին օդային ծանր աղետ տեղի ունեցավ Սեւ ծովի վերեւումՙ Ադլերից 185 կմ հեռու: «Սիբիր էրլայնզ» ռուսական ընկերության «Տու-154» ինքնաթիռը, որը թիվ 1812 թռիչքով շաբաթական չարտերային ուղերթներ է կատարում Նովոսիբիրսկի եւ Թել Ավիվի միջեւ, վերջինիս «Բեն Գուրիոն» օդակայանից մեկնարկ վերցնելուց շուրջ 1 ժամ հետո, ըստ ռուսական աղբյուրների, պայթեց օդում եւ ջախջախվեց ծովում: Օդանավում կային 66 ուղեւորներ եւ անձնակազմի 11 անդամներ: Ուղեւորներից շուրջ 40-ը հրեաներ էին:

Հատկապես սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ամբողջ աշխարհում տիրող վախի եւ անձկության մթնոլորտում բոլորի առաջին միտքը գնաց դեպի ահաբեկչություն, ինչը բացառված չէ, քանզի ռուսական ավիացիայի վարչությունից լրատվամիջոցներին ավելի ուշ տեղեկացրին, որ օդանավային երթեւեկության հսկիչներն օդանավից ոչ մի ազդանշան չեն ստացել որեւէ խանգարման մասին: Նախագահ Պուտինն անձամբ Եվրամիության արդարադատության նախարարների հետ հանդիպմանը հայտարարեց, թե չի բացառում ահաբեկչական գործոնը:

Ավելի ուշ, ռուսական եւ միջազգային լրատվամիջոցները վկայակոչեցին Ուկրաինայի ռազմածովային ուժերի մի սպայի խոսքերը, թե «Սիբիր էրլայնզի» ինքնաթիռը խփվել է պատահաբար արձակված իրենց հակաօդային հրթիռով: Թեեւ քիչ հետո Ուկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակը հերքեց այդ տեղեկությունը, սակայն շուտով հայտնի դարձավ, որ թռիչքի պահին ուկրաինական ռազմածովային ուժերը հրթիռային ռազմափորձեր էին անցկացնում այդ տարածքներում:

Այս պայմաններում խիստ կարեւոր է դառնում աղետի պահին թռչող հայկական «Ան-24» ինքնաթիռի ականատես օդաչուների վկայությունն իրենց տեսածի մասին: Մինչ հայկական աղբյուրները երեկ համառորեն լռում էին այդ մասին, ՖՍԲ-ի պետ Նիկոլայ Պատրուշեւը նախագահ Պուտինի հետ հանդիպելուց հետո ռուսաստանյան հեռուստակայաններին հայտարարեց. «Հայերը տեղեկացրին մեզ, թե տեսել են ինքնաթիռի պայթյունը օդում»: Ավելի ուշ «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունն ուղղակի մեջբերեց հայկական ինքնաթիռի օդաչու Կարիկ Հովհաննիսյանի խոսքերը. «Ես տեսա 11 հազար մետր բարձրության վրա իմ վերեւում թռչող օդանավի պայթյունը: Օդանավն ընկավ ծովը, որտեղից նկատվեց հաջորդ պայթյունը, եւ ծովի մակերեսին երեւաց սպիտակ, վառվող զանգված»:

Հավանաբար բոլոր հարցերի պատասխանը կտա ջախջախված ինքնաթիռի «սեւ տուփը», անշուշտ, եթե գտնվի ծովի խորքերում, մեկ էլՙ Պենտագոնը, որն արբանյակներով հետեւում էր այդ ռազմափորձերին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4