«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2001-10-03 | #179, 2001-10-04 | #180, 2001-10-05


«ԱՄՆ-Ը ՁԳՏՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԵՂԱՆԱԿԻ»

Վստահեցրեց ՌԴ Պետդումայի պատգամավորը Երեւանում

ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀՀ բնական եւ հասարակական գիտությունների ակադեմիայի հրավերով Երեւան ժամանած ՌԴ Պետդումայի պատգամավորների, տիեզերագնաց-օդաչու, ակադեմիկոս, ԽՍՀՄ հերոս Անատոլի Սոլովյովի եւ հայ գիտնականների երեկ գումարած համատեղ ժողովը երկու զեկույց էր նախատեսումՙ «Ժամանակակից աշխարհաքաղաքական քայլերը» եւ «Միր» տիեզերակայանի 15 տարվա աշխատանքի արդյունքները» թեմաներով:

Առաջին թեմայով ՀՀ ԳԱԱ նախագահության դահլիճում զեկուցող ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը ներկայացրեց սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո սպասվող աշխարհաքաղաքական արմատական փոփոխություններին առնչվող մի վերլուծություն: «Ահաբեկչությունից հետո աշխարհում դրությունն ամբողջությամբ փոխվեց: Ի՞նչ է հիմա տեղի ունենում: Ամերիկացիները կամենում են փոխել աշխարհի կառավարման մոդելը»: Ըստ ռուս պատգամավորիՙ ԽՍՀՄ փլուզումից հետո աշխարհը կառավարվում էր գործընկերային սկզբունքով, որտեղ չնայած առաջնորդը, «մեծ եղբայրը» ԱՄՆ-ն էր, բայց մյուսները սակարկելու հնարավորություն ունեին: Իսկ այսօր Մ. Նահանգները կամենում է հասնել աշխարհի կորպորատիվ կառավարման: «Սա նշանակում է, որ աշխարհը դիտվում է որպես կորպորացիա, որտեղ տնօրենն ԱՄՆ-ն է: Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան փոխտնօրեններն են, Ճապոնիանՙ հաշվապահը»: Ալ. Միտրոֆանովի համոզմամբՙ այս համակարգում սակարկություններ որեւէ խնդրի շուրջ համաձայնության գալու համար չեն լինի, բոլոր մասնակից երկրները կստանան իրենց աշխատավարձը: Իսկ բուն Աֆղանստանի ռմբակոծման շահարկումներն առավել պրոպագանդայի նպատակ ունեն:

Իսկ բուն Աֆղանստանի ռմբակոծման շահարկումներն առավել պրոպագանդայի նպատակ ունեն: «Սա հարկավոր է, որպեսզի ամեն օր ամերիկացիներին ցույց տան մկանուտ զինվորներ, որոնք պատրաստվում են ռազմական գործողությունների, հետո պատմեն ռումբերի հարվածների մասին: Ու այս տեղեկատվությունը հնարավոր չի լինի ճշտել, քանի որ թալիբների կողմից այն բացակայում է: Այս առումով ամեն ինչ ԱՄՆ-ի ձեռքում է: Նա կարող է նույնիսկ ոչինչ էլ չռմբակոծել ու պարզապես հայտարարել, որ ռմբակոծել է»:

Սրա նպատակակետն աշխարհի կորպորատիվ կառավարման համատեքստում ԱՄՆ ազդեցության ոլորտից դուրս գտնվող մի քանի նավթային երկրներն ենՙ Իրաքը, Ալժիրը, Լիբիան, Իրանը: Ներկայացնելով խորհրդային համակարգի փլուզումից հետո նավթի շուրջ պտտվող աշխարհաքաղաքական գործընթացներըՙ պրն Միտրոֆանովը մանրամասն խոսեց Բուշ ընտանիքի եւ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի սերտ կապերի մասին: Ըստ նրաՙ հենց Սաուդյան Արաբիայում նավթային գործարարի իր կարիերան սկսած ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի ընտանիքը կառավարում էր նավթային բիզնեսն արաբական այդ երկրում:

Հիմա էլ, քանի դեռ Ջորջ Բուշ կրտսերն է ԱՄՆ նախագահ, նավթային շարժման նոր ալիք է բարձրանում, որը չի դադարի նրա նախագահության ողջ ընթացքում: «ԱՄՆ-ը կամենում է կատարյալ վերահսկողություն նավթային աշխարհում»:

Պրն Միտրոֆանովը մի քանի հետաքրքիր դրվագ ներկայացրեց նաեւ իր եւ Ուսամա բեն Լադենիՙ այդ դեպքերից շատ ավելի վաղ կայացած հանդիպումից: Նրա խոսքերով, ծնունդով Սաուդյան Արաբիայից եւ այնտեղից հեռացված բեն Լադենն անարդար է համարում, որ Սաուդյան Արաբիայի նավթային բիզնեսից ստացվող տարեկան 50-80 rv7z դոլար եկամուտն այդ բիզնեսը վերահսկող թագավորական ընտանիքը տեղակայում է Մ. Նահանգների բանկերում: «Նա կարծում է, որ այդ բարիքներն Ալլահը ստեղծել է մուսուլմանների համար, եւ ինքը նպատակ ունի գահընկեց անել թագավորին ու դառնալ այդ երկրի առաջնորդը», պատմեց ռուս պատգամավորը:

Այս վերլուծություններից հետո բոլորովին այլՙ տիեզերական թեմաների մասին զեկուցեց Անատոլի Սոլովյովը: Նա գիտական մանրամասն պարզաբանումներ տվեց «Միր» կայանի տիեզերքում 15 տարվա աշխատանքի մասին: Նա գերազանց գնահատեց տիեզերակայանի ոչնչացման գործընթացըՙ շեշտելով, որ, բացառիկ ճշգրտությամբ կազմակերպված լինելով, երկիր իջնելու եւ օվկիանոսում խորտակվելու ժամանակ որեւէ վնաս երկրի կամ մարդկանց խմբի չպատճառվեց:

Տիեզերագնացը նաեւ շնորհավորեց բոլոր ներկաներին, քանզի 44 տարի առաջ, ճիշտ հոկտեմբերի 4-ին առաջին արբանյակը բաց թողնվեց տիեզերքՙ սկիզբ դնելով մարդուՙ տիեզերքի նվաճման քայլերին: Պրն Սոլովյովը նշեց, թե սա բոլորիս նվաճումն է, քանh որ այն ժամանակ մենք մեկ մեծ պետության անդամ էինք:

Զեկույցներից հետո ռուս պատգամավորներից Ալ. Միտրոֆանովն ու տիեզերագնաց օդաչու Անատոլի Սոլովյովը պարգեւատրվեցին: Առաջինըՙ բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի դիպլոմով, երկրորդըՙ Վ. Վերնադսկու անվան արծաթե շքանշանով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4