2001 թ. սեպտեմբերին քաղաքացի Հարություն Գրիգորյանը հայտարարություն է տվել, որ ՀՀ ՆԳ նախարարության քրեական պատիժների իրականացման վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը 2001 թ. հուլիսին, խոստանալով 50 հազար ԱՄՆ դոլար, իրեն գրել է տվել կեղծ հայտարարություն, որ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում 1999 թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած տեռորիստական ակտի փաստի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորված անձանց հետ ՆԳ մարմինների հանձնարարությամբ աշխատանք կատարելիս իբր թե պարզել է, որ այդ հանցագործությունը կազմակերպել են Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը:
Հայտարարության հիման վրա նախապատրաստվել են նյութեր, որի առթիվ 2001 թ. սեպտեմբերի 27-ին հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում Հ. Գրիգորյանը տվել է իր հայտարարությունը հիմնավորող ցուցմունքներ եւ նշել այն հաստատող բազմաթիվ հանգամանքներ: Այդ ամենը նա պնդել է նաեւ Մ. Սաղաթելյանի հետ 2001 թ. հոկտեմբերի 1-ին կայացած առերես հարցաքննության ժամանակ:
Նշված առերեսման ընթացքում Մ. Սաղաթելյանը, մասնավորապես, ցուցմունք է տվել, որ ինքը ցնդաբանություն համարելով հանցագործության կազմակերպմանը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասնակցության վերաբերյալ Հ. Գրիգորյանի հայտարարությունըՙ այն պատռել եւ դեն է նետել, ինչը լիովին հակասում է սույն թվականի հոկտեմբերի 3-ին նրա հրավիրած ասուլիսին արված «բացահայտումներին»:
Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել են նյութեր այն մասին, որ Մ. Սաղաթելյանը ՀՀ ՆԳ նախարարության համակարգ աշխատանքի ընդունվելիս ներկայացրել է ՌԴ Բելգորոդ քաղաքի շինանյութերի տեխնոլոգիայի ինստիտուտն ավարտելու եւ բարձրագույն կրթություն ունենալու կեղծ դիպլոմ:
Պարզվել է նաեւ, որ Մ. Սաղաթելյանը ՆԳ նախարարության համակարգում պաշտոնավարելու ընթացքում ծառայողական գաղտնիքը չհրապարակելու մասին ստորագրություն տալու պայմաններում, ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության պետի պաշտոնից ազատվելուց հետո, զանգվածային լրատվության միջոցներին տված հարցազրույցների ընթացքում հայտնել է ծառայողական գաղտնիք համարվող եւ հրապարակման ոչ ենթակա տարբեր տեղեկություններ:
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ