Կառավարությունը նաեւ թոթափեց «Զվարթնոց» բեռնահամալիրի վարկային բեռը
Կառավարության երեկ քննարկած եւ հավանության արժանացրած հարցերից մեկը վերաբերում էր «Զվարթնոց» օդանավակայանի բեռնահամալիրին: Մինչ օրս Վերականգնման եւ զարգացման եվրոպական բանկի ծրագրով կառուցված այս համալիրի վարկային տոկոսները եւ վարկը մարում էր պետությունը: Այսուհետ բյուջեից վճարվող այդ գումարները ձեւակերպվելու են որպես վարկ, որը համալիրը պետք է հետագայում վերադարձնի պետբյուջե: Այս, ինչպես նաեւ հայկական ԱԷԿ-ին սեփականաշնորհման միջոցներից 4 մլն դոլար վարկ տրամադրելու հարցը ներկայացրել էր ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Սակայն վերջինս արագորեն եւ աննկատ անհետացավ լրագրողների աչքից եւ հնարավոր չեղավ այլ մանրամասներ իմանալ: Մասնավորապես մեզ հետաքրքրում էր, թե պատահակա՞ն էր արդյոք բեռնահամալիրի վերաբերյալ այս որոշման ընդունումն այժմ, երբ «Զվարթնոց» օդանավակայանը լիազորագրային կառավարման է հանձնվում արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեքյանին: Ինչեւէ:
Կառավարությունը հավանություն է տվել նաեւ վերջին օրերին բուռն քննարկումների տեղիք տված հայ-չինական համատեղ ձեռնարկության ստեղծման պայմանագրին: Այս առթիվ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանը կրկնեց, որ նոր ստեղծվող ձեռնարկության (որը կոչվելու է «Չինարմպրեն») բաժնետոմսերի հարաբերակցությունը լինելու է 40/60ՙ հօգուտ չինացիների: Պայմանագրի կնքումը նախատեսված է հոկտեմբերի 12-ին, Չինաստանում: Դրան պետք է հաջորդեն եւս 6-7 պայմանագրեր: Մեր այն հարցին, թե ե՞րբ կարելի է շահութաբաժին ստանալ այն դեպքում, երբ նախատեսվում է շուրջ 100 մլն դոլար վարկային ներդրումներ կատարել, նախարարը պատասխանեց, որ պայմանագիրը կարելի է այնպես կնքել, որ հնարավոր լինի ե՚ւ վարկային տոկոսներ մարել, եւ շահույթ ստանալ: Այսինքնՙ ամեն ինչ կախված է կնքվելիք պայմանագրից: Այդուհանդերձ, Կարեն Ճշմարիտյանը հույս հայտնեց, որ շահութաբաժիններ հնարավոր է ստանալ 4-5 տարի հետո: Նա անդրադարձավ նաեւ «Նաիրիտին» առնչվող մեկ այլ համաձայնագրի, որը պետք է կնքվի ուկրաինական «Ինտերկոնտակտ» ընկերության հետ, նշելով, որ ուկրաինացի գործընկերները դեմ չեն «Նաիրիտի» տեխնոլոգիական հոսքագծերից մեկի տեղափոխմանը Չինաստան, ավելինՙ ուրախ են, որ համագործակցելու են եւս մեկ երկրի հետ: Իսկ Չինաստանում ստեղծվելիք ձեռնարկությունը, բացի քլորոպրենային կաուչուկից, արտադրելու է կաուստիկ սոդա եւ սոսինձներ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ